27/03/2017 18:28
Ղարաբաղյան հիմնախնդրի հարցում, միգուցե, ապագայում դիմենք ՄԱԿ-ին. ԱՄՆ համանախագահ
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ռիչարդ Հոգլանդը ղարաբաղյան հիմնախնդրի հարցում օգնություն ստանալու համար ՄԱԿ-ին դիմելու հնարավորությունը հավանական համարեց:
Այսօր Երևանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա տեղեկացրեց, որ վերջերս է եղել Նյու Յորքում, ՄԱԿ-ի կենտրոնակայանում և խոսել է կազմակերպության ղեկավար կազմի հետ, որպես համանախագահ երկրի ներկայացուցիչ նրանց ներկայացրել ղարաբաղյան հիմնախնդիրը, դրա նրբությունները:
«Նրանք ինձ հավաստիացրեցին, որ եթե օգտակար լինեն, պատրաստ են որոշ քայլեր ձեռնարկել՝ կարող է լինել ՄԱԿ-ի բանաձև, կամ ինչ-որ այլ օգնություն: Բայց այս պահի դրությամբ ԵԱՀԿ-ն է, որն այս գործընթացում առաջնորդող դերակատարում ունի, և մենք, որպես ԵԱՀԿ-ի մաս, այս պատասխանատվությունը ստանձնում ենք: Նաև կարող ենք մտքում ունենալ, որ եթե լինի ճիշտ պահը և, պայմաններից ելնելով անհրաժեշտություն լինի, կարող ենք դիմել ՄԱԿ-ին: Չնայած դուռը մեզ համար բաց է, մենք չենք կարծում, որ դրա անհրաժեշտությունը կա: Ապագայում գուցե անհրաժեշտ լինի և եթե լինի իրական քայլ դեպի խաղաղություն, միգուցե մենք դիմենք ՄԱԿ-ին՝ օգնելու մեզ: Բայց այս պահին, կարծես, ՄԱԿ-ի նոր բանաձևի առանձնահատուկ անհրաժեշտություն չկա», - հատարարեց Ռ.Հոգլանդը: