27/03/2017 10:36
Տվեք ինձ թատրոն, և ես կունենամ գալիքին երազկոտ, ուրեմն նաև՝ ստեղծագործողի աչքերով նայող հասարակություն. Արմեն Ամիրյանի ուղերձը Թատրոնի համաշխարհային օրվա առթիվ
Մարտի 27-ին նշվում է Թատրոնի միջազգային օրը (World Theatre Day): Այն հիմնադրվել է 1961 թվականին, Թատրոնի միջազգային ինստիտուտի (International Theatre Institute, ITI) IX կոնգրեսի ժամանակ:
ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը կապակցությամբ ուղերձ է հղել.
«Թատրոնի սիրելի′ մարդիկ՝ առանց որոնց անհամ ու անհրապույր կլիներ աշխարհը, շնորհավո′ր Թատրոնի միջազգային օրը:
Ուրախ եմ, որ այս շնորհավորանքս հաջորդում է նորածին այն մեծ հույսերին, որպիսիք արթնացրին մեր նախաձեռնած «Մշակութային կանգառի» հյուրախաղերը: Լեփ-լեցուն մարզային դահլիճներ, որոնցում շատերը երբեմն ոտքի վրա կամ աստիճաններին նստած են դիտում ներկայացումները, հոտնկայս ծափահարություններ և հանդիսատեսի հոսք դեպի կուլիսներ՝ շնորհակալություն հայտնելու: Սա նշանակում է, որ թատրոնը չի մեռնում, և եթե շատ ենք ուզում, կարողանում ենք վերադարձնել դահլիճները լքած հանդիսատեսին:
Նաև ուզում եմ ասել՝ տվեք ինձ թատրոն, և ես կունենամ գալիքին երազկոտ, ուրեմն նաև՝ ստեղծագործողի աչքերով նայող հասարակություն:
Շնորհավո′ր, սիրելիներս, և շնորհակալություն, որ դուք կաք, որ դուք Ձեր ուսերին պահում եք Թատրոնը՝ մեր երևակայության, մեր երազանքների տունը»: