27/03/2017 10:31
Մահացել է Ալվարդ Պետրոսյանի ամուսինը՝ դերասան Լորենց Առուշանյանը
82 տարեկան հասակում, ծանր հիվանդության հետևանքով մահացել է ՀՀ Ժողովրդական արտիստ, Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասան Լորենց Առուշանյանը, տեղեկացնում է Մշակույթի նախարարությունը։
Լորենց Առուշանյանը Ազգային ժողովի նախկին պատգամավոր, գրող, հրապարակախոս, Հ. Յ. Դաշնակցություն կուսակցության անդամ Ալվարդ Պետրոսյանի ամուսինն էր:
Լորենց Առուշանյանը ծնվել է 1935-ի հուլիսի 6-ին, Բաքվում։ 1957 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտը (Վավիկ Վարդանյանի արվեստանոց)։ 1957-1962 թվականներին՝ Լենինականի դրամատիկական, 1962-1964 թվականներին՝ Երևանի Կ․ Ստանիսլավսկու անվան ռուսական, 1964 թվականից՝ Գ․ Սունդուկյանի անվան ազգային պետական թատրոնների դերասան։
1989 թվականին արքեպիսկոպոս Մեսրոպ Աշճյանի հետ ստեղծել է «Վարարկն» հիմնադրամը և Արցախ առաքել սննդամթերք, վառելանյութ, դեղորայք, դրամական ու նյութական օգնություն ցույց տվել զոհված ու վիրավոր ազատամարտիկների ընտանիքներին, բռնագաղթածներին։ Եղել է Բերդաձորի ինքնապաշտպանական խորհրդի ներկայացուցիչը ՀՀ-ում, մասնակցել կամավորական ջոկատների կազմավորման ու հանդերձավորման, Բերդաձոր զենք, զինամթերք առաքելու աշխատանքներին։
Նա մարմնավորել է Դոստոևսկու «Ապուշ»-ին՝ Իշխան Միշկինին, «Օթելլո»-ից Կասիոյին, «Հին Աստվածներ»-ից՝ Վանահորը և այլն: