28/03/2017 17:01
Հայ-ամերիկյան տնտեսական համագործակցությունը աջակցությունից փոխվում է առևտրային հարաբերությունների. Ռիչարդ Միլս
Ամերիկացի ներդրողները գնալով ավելի շատ ներդրումների հնարավորություն են տեսնում Հայաստանում, այսօր ԱՄՆ-ի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-րդ տարեդարձին նվիրված լուսանկարների ցուցահանդեսի ընթացքում իր ելույթում ասաց ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը:
«Ներդրումներ են կատարվել հատկապես հանքարդյունաբերության ու էներգետիկայի ոլորտում: Նախատեսվում է ներդրումների ավելացում Տեղեկատվական տեխնոլոգիաների և ագրոբիզնեսի ոլորտներում», - ասաց Ռիչարդ Միլսն` ավելացնելով.
«Տնտեսական հարաբերություններում հայ-ամերիկյան համագործակցությունն աջակցությունից անցում է կատարում առևտրային հարաբերությունների»:
Դեսպանն ընդգծեց` հպարտության է արժանի հայ-ամերիկյան երկկողմ համագործակցությունն անվտանգության ոլորտում:
«Նշանակալի համագործակցություն ունենք ռազմական ոլորտում, ռազմաբժշկական կարողություների զարգացմանը ԱՄՆ կողմից 48 մլն-ի ներդրում է կատարվել տեխնիկական սարքավորումների, բուժական պարագաների տեսքով», - ասաց Ռիչարդ Միլսը` կարևորելով նաև Հայաստանի դերը միջազգային անվտանգության ապահովման հարցում: