28/03/2017 18:35
Հնարավոր չէ 25 տոկոսի չափով իջեցնել գազի և էլեկտրաէներգիայի սակագինը. տնտեսագետն իրատեսական չի համարում Կոնգրես-ՀԺԿ նախընտրական ծրագրի դրույթը
Քաղաքական ուժերի առաջարկող նախընտրական ծրագրերի տնտեսական դրույթների հեռանկարների մասին Aysor.am-ի թղթակիցը զրուցել է տնտեսագետ, տնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Սալնազարյանի հետ:
- Պարոն Սալնազարյան, «Ծառուկյան» դաշինքն իր նախընտրական ծրագրում առաջարկում է գյուղական տնտեսությունների համար տարեկան 1 հա հողամասի ոռոգման դիմաց սահմանել 1000 դրամ վճար: Այս դրույթն իրատեսակա՞ն է:
- Ֆինանսները և ֆինանսական կառավարումը կոնկրետ գիտություն է, և պետք է կոնկրետ վերլուծություններ անել առաջարկություններ ներկայացնելուց առաջ: Այսօր մենք խնդիր ունենք ջրամատակարարման ընկերությունների ֆինանսավորման հարցում: Եթե դրանց ծախսերը ճիշտ չգնահատենք, ապա պրոբլեմ կառաջանա, և այդ նույն դաշինքները կառաջարկեն ֆինանսավորել այդ ընկերություններին, քանի որ իրենք իրենց ծախսերը չեն կարողանա փակել:
- Ի՞նչ կարծիքի եք Կոնգրես-ՀԺԿ դաշինքի այն առաջարկի մասին, որ պետական աջակցությամբ պետք է ստեղծել ապահովագրական համակարգ, որը գյուղատնտեսությունը կպաշտպանի ցրտահարությունից և այլ բնական աղետներից:
- Այստեղ ձևակերպման խնդիր կա: Ցանկացած ապահովագրություն չի կարող ցրտահարությունից, կարկտահարությունից և բնական աղետներից պաշտպանել: Պետք է փոխհատուցման խնդիրը բարձրացնել և մեխանզիմներ մշակել: Ապահովագրական համակարգ ստեղծելու համար էլ պետք է պետբյուջեից ծախսեր անել, իսկ մեր բյուջեի պակասուրդի պայմաններում դա իրագործելի չեմ համարում: Ինչ վերաբերում է գյուղատնտեսության ապահովագրությանը, ապա սա շատ բարդ խնդիր է, քանի որ հնարավոր է լինի այնպիսի ցրտահարություն կամ կարկտահարություն, որն ամբողջությամբ կբերի այդ ապահովագրական ընկերության սննկացման:
- Կոնգրես-ՀԺԿ դաշինքը խոստանում է 25 տոկոսով նվազեցնել գազի և էլեկտրաէներգիայի սակագինը: Գործնականում սա հնարավո՞ր է:
- Գազի սակագնից անձամբ տեղյակ եմ: Մոտ 4 տարի աշխատել եմ «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ում և պետք է ասեմ, որ գազի սակագնի հաստատման հարցը կոնկրետ այդ ընկերությանը չէ: Դա անկախ հանձնաժողովն է անում: 2015 և 2016 թթ. ՓԲԸ-ն շահութաբեր չի աշխատել, պատճառն այն է, որ մեր գազի ծավալները նվազման միտում ունեն, իսկ եթե ծավալները նվազում են, ապա ի հայտ են գալիս վնասներ, և չեմ կարծում, որ սակագինը հնարավոր է 25 տոկոսով իջեցնել:
- Նույն դաշինքը նաև նշում է, որ պատրաստ է ԽՍՀՄ խնայբանկի ավանդները ձևակերպել որպես պետական պարտատոմս և դրանք մարել նախատեսվածից 2 անգամ ավելի մեծ չափով և 2 անգամ արագ:
- ԽՍՀՄ փլուզումից հետո յուրաքանչյուր հանրապետության ներքին պարտքը անցավ տվյալ հանրապետությանը, և մեկ շնչին ընկնող ամենաշատ խնայողությունները երևի Հայաստանին էր բաժին ընկնում: Դրանք երկու անգամ և ավելի մեծ չափով վերադարձնելը հիմնավորված չէ: Սրանք հիմնավորման կարիք ունեն, որովհետև եթե պետական պարտատոմսեր ենք ձևակերպում, ապա պետությունը որոշակի ժամանակահատվածից հետո դա պետք է մարի ու ծանրությունը նորից պետք է ընկնի բյուջեի վրա: Այն պակասորդային բյուջեի վրա, որ մենք բազմաթիվ այլ ծախսեր ենք առաջարկում: Իմ կարծիքով առաջինը պետք է ֆինանսավորել կրթությունը և դաստիարակել գրագետ բանիմաց ազգաբնակություն: