29/03/2017 12:23
Կոնվերս բանկը ճանաչվել է ՎԶԵԲ-ի «Introduction to Trade Finance» ուսուցման ծրագրի մասնակիցներից լավագույնը
2017թ.-ի մարտի 17-ին ք. Մինսկում կայացած «Belarus: Trade Finance 2017» կոնֆերանսի շրջանակներում Կոնվերս Բանկի թիմը ճանաչվել է Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի (ՎԶԵԲ) առևտրի ֆինանսավորման ոլորտում «Introduction to Trade Finance» առցանց ուսուցման ծրագրի մասնակիցներից լավագույնը՝ արժանանալով ՎԶԵԲ-ի «Trade Facilitation Program Academic Excellence Award» միջազգային մրցանակին, տեղեկացնում են ՎԶԵԲ-ի լրատվական ծառայությունից:
«Կոնվերս Բանկը նման մրցանակի է արժանացել առցանց ուսուցման ծրագրին մասնակցած աշխատակիցների աննախադեպ թվի և գրանցված բացառիկ արդյունքների շնորհիվ` բանկի 116 աշխատակիցների գերակշռող մասը ծրագիրն ավարտել է՝ ապահովելով առավելագույն հնարավոր արդյունքներ», - ասացին բանկում:
«Սա նշանակալի ձեռքբերում է: Մենք ուրախ ենք , որ Կոնվերս բանկը հանձն է առել հասնել ամենաբարձր չափորոշիչներին: Առցանց վերապատրաստման այս դասընթացը եզակի է իր տեսակի մեջ: Այն մասնակիցներին խորացված գիտելիքներ է տալիս առևտրի ֆինանսավորման ոլորտում, ինչպես նաև ընձեռում է միջազգային ֆինանսական զարգացումներին և միտումներին իրազեկ լինելու հնարավորություն», - ասաց ՎԶԵԲ-ի Առևտրի Աջակցման ղեկավար և Միջազգային Առևտրի Պալատի Խորհրդի Նախագահ Ռուդոլֆ Փյութսը:
Միաժամանակ, ՎԶԵԲ-ի «Trade Exchange» ամսագրի՝ միջազգային առևտրի ֆինանսավորման խնդիրներին նվիրված «Trade Finance Clinic» միջազգային մրցույթում բանկի Միջագային հարաբերությունների և առևտրի ֆինանսավորման բաժնի պետ Նելլի Քոչարյանի պատասխանները ճանաչվել են լավագույնը և նա արժանացել է «2016 expert - TRADE EXCHANGE» միջազգային մրցանակին:
«Կոնվերս բանկում բարձր են գնահատում ՎԶԵԲ-ի հետ համագործակցությունը: Վերջինս հանդիսանում է միջազգային ֆինանսական շուկաներում Կոնվերս բանկի կարևորագույն գործընկերներից մեկը, որի հետ համագործակցությունը բազմակողմանի է՝ ընդգրկելով ինչպես առևտրի ֆինանսավորման, այնպես էլ ՓՄՁ և կորպորատիվ վարկավորման ոլորտները: Համագործակցության շրջանակներում նշված կազմակերպությունը մշտապես աջակցում է բանկին՝ ընձեռելով մեր աշխատակիցների տեխնիկական վերապատրաստման, մասնագիտական ունակությունների կատարելագործման և միջազգային ֆինանսական զարգացումներին և միտումներին իրազեկ լինելու հնարավորություն», - ասացին բանկում:
Նշենք, որ Կոնվերս Բանկը ՎԶԵԲ-ի հետ համագործակցում է 2008 թ.-ից ի վեր և ներկայումս ՎԶԵԲ-ի հիմնական գործընկերներից է Հայաստանում: 2009-ից Առևտրի խթանման ծրագրի գործընկերն է: 2016թ. բանկն արժանացել է ՎԶԵԲ «Տարվա գործարք՝ սոցիալական ներգործություն» մրցանակին, ինչը վկայում է համատեղ ծրագրերում նորարարական մեխանիզմների օգտագործման արդյունավետության մասին։