29/03/2017 13:52
ՎիվաՍել-ՄՏՍ-ի տնօրենը պարգևատրվել է մշակույթի նախարարության «Ծիծեռնակ» մրցանակով
Մշակութային ժառանգության պահպանությունն ու զարգացումը հասարակության զարգացման կարևորագույն գործոն է: Հայաստանում մշակույթի ոլորտի զարգացմանը ՎիվաՍել-ՄՏՍ-ն աջակցել է գործունեության առաջին իսկ օրվանից: Ընդհանուր առմամբ ընկերությունը մշակութային նախագծերի իրականացման համար հատկացրել է շուրջ 8.9 միլիարդ դրամ:
ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությունն այս ոլորտին չի սահմանափակվում ազգային մշակույթի առաջխաղացմանը նպաստելով: Ընկերությունը մեծ ներդրում ունի հայկական ինքնության և դարերից եկող մշակութային գանձերը պահպանելու գործում: ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությունը մշակութային երկխոսությանը նպաստելու և գալիք սերունդներին կրթելու նպատակ ունի նաև:
Մարտի 25-ին Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայացած՝ «Ծիծեռնակ» ազգային-երաժշտական առաջին մրցանակաբաշխության ընթացքում, Հայաստանի երաժշտական կյանքի 2016 թվականի ամենակարևոր իրադարձությունների, իրենց գործունեությամբ առանձնացած անհատ-կատարողների, ստեղծագործողների ու ստեղծագործական խմբերի հետ մեկտեղ, «Ծիծեռնակ» մրցանակի է արժանացել նաև ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը՝ հայ երաժշտարվեստի զարգացման գործում ունեցած ծանրակշիռ ներդրման համար:
«Նրանք, ովքեր այսօր հովանավորում են մշակույթը, իրականում հովանավորում են մեր երկրի ապագան։ Մենք այսօր նրանց ոչ միայն շնորհավորում ենք, այլև մեր շնորհակալությունն ենք հայտնում՝ մեր ապագայում ներդրումներ անելու համար», - հայտարարել է մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը։
ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ իրականացված ծրագրերն առանձնանում են ընտրված ուղղությունների բազմազանությամբ: Ընկերության հատուկ ուշադրության կենտրոնում է դասական երաժշտությունը: Մասնավորապես՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ը Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի, Հայաստանի երիտասարդական նվագախմբի, «Հովեր» կամերային երգչախմբի գլխավոր գործընկերն է:
Ի թիվս մշակութային բազմաթիվ այլ նախագծերի՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ն աջակցել է նաև Կոմիտասի անվան լարային քառյակին, «Բարեկամություն» անսամբլին, ինչպես նաև Պետական ակադեմիական երգչախմբին, «Հանրային ռադիոյի ոսկե ֆոնդ» անթոլոգիայի և հայ կամերային երաժշտության անթոլոգիայի ստեղծման աշխատանքներին: Ցանկը կարելի է անվերջ շարունակել:
ՎիվաՍել-ՄՏՍ-ի սոցիալական ներդրումները մշակույթի ոլորտում չեն սահմանափակվում երաժշտարվեստով: Ընկերությունը նաև նշանակալի աջակցություն է ցուցաբերել կինոարվեստին՝ նպաստելով Հայաստանում այդ ոլորտի զարգացմանն ու հայ հանդիսատեսին համաշխարհային կինեմատոգրաֆի ստեղծագործությունները հասանելի դարձնելուն: «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը, որն իրականացվում է ՎիվաՍել-ՄՏՍ-ի շարունակական աջակցության շնորհիվ, ընձեռում է հիանալի հնարավորություն` Հայաստանը աշխարհին, իսկ աշխարհը՝ Հայաստանին ներկայացնելու համար:
Մշակույթի ոլորտին ՎիվաՍել-ՄՏՍ-ի շարունակական աջակցությունն անգնահատելի է՝ Հայաստանը որպես մշակույթի օրրան ներկայացնելու տեսանկյունից: