29/03/2017 11:32
Քաղաքական կապիտալը մսխելու գործում Րաֆֆի Հովհաննիսյանն անփոխարինելի է. Էդուարդ Շարմազանով
ՀՀԿ-ն ջանք չի խնայելու, որ ամրապնդի Հայաստանի ու ԼՂՀ-ի անվտանգությունը, այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ մամուլի խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով ՀՀ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի՝ Արցախում ելույթին։
ՀՀԿ խոսնակը նշեց, որ նախագահի ելույթը մեկնաբանելու կարիք չկար. «մեսիջները շատ հստակ էին»։
Անդրադառնալով «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի 11-րդ համար, «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի հայտարարությանը, ով նշել էր, որ «Սերժ Սարգսյանն իր այդ ելույթով ցույց տվեց, որ ինքն անփոխարինելի է, բայց անփոխարինելի մարդիկ չկան», Էդուարդ Շարմազանովը պատասխանեց. «Ես այդ կարծիքին չեմ, պատմությունը ցույց է տալիս՝ ով է անփոխարինելի, ով՝ չէ»։
ՀՀԿ խոսնակի խոսքով, սակայն, անփոխարինելի մարդիկ լինում են։
«Քաղաքական կապիտալը մսխելու գործում Րաֆֆի Հովհաննիսյանն անփոխարինելի է, դժվար է գնտել մի գործիչ, որը այդքան կարճ ժամանակում մսխեց քաղաքական կապիտալը», - նշեց Է. Շարմազանովը։