30/03/2017 19:28
«Լուսավորիչ» օպերան նվիրվում է Հայաստանի և Ավստրիայի, Հայաստանի և Կանադայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակներին
ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, «Մշակութային կրթության աջակցության» հիմնադրամը` ս. թ. ապրիլի 3-ին, ժամը 19:00-ին, Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում կիրականացնի կանադացի կոմպոզիտոր Ռոն Հաննահի «Լուսավորիչ» օպերայի առաջնախաղը:
Մինչ օպերայի առաջնախաղը` ժամը 18:30-ին, թատրոնի ճեմասրահում կբացվի «Դեպի լույս» խորագիրը կրող` հանրապետության գեղարվեստի և արվեստի դպրոցների սաների գեղանկարչական աշխատանքների ցուցահանդեսը. ցուցադրության կազմակերպիչն է «Անահիտ Ցիցիկյան» հիմնադրամը:
ՀՀ մշակույթի նախարարության «Մշակութային կանգառ» ծրագրի շրջանակում` ս. թ. ապրիլի 4-ին, ժամը 17:00-ին, Գյումրու Վ. Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնում` տեղի հանդիսատեսին կներկայացվի «Լուսավորիչ» օպերան:
ՀՀ մշակույթի նախարարությունից հայտնում են, որ «Լուսավորիչ» օպերայի բեմականացումը նվիրվում է Հայաստանի Հանրապետության և Ավստրիայի Հանրապետության, Հայաստանի Հանրապետության և Կանադայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակներին:
Նշենք, որ 2016 թվականի հոկտեմբերին բեմադրությունն իրականացնելու նպատակով «Մշակութային կրթության աջակցության» հիմնադրամի ներկայացուցիչները, հեղինակները և Կամերային նվագախմբի դիրիժոր, պրոֆեսոր Հարություն Արզումանյանը լսումներ են անցկացրել ՀՀ մարզերի և Երևանի երաժշտական, արվեստի դպրոցներում և այլ ուսումնական հաստատություններում: Արդյունքում, ընտրվել են կամերային նվագախմբի երաժիշտներ, դերակատարների երկու կազմ, պարային խումբ՝ կազմված Երևանի պարարվեստի պետական քոլեջի սաներից /ղեկավար՝ Տաթևիկ Ղարիբյան/ և երգչախումբ` կազմված Երևանի Ա. Սպենդիարյանի անվան երաժշտական մասնագիտական դպրոցի սաներից` /ղեկավար` Լիլիթ Եդիգարյան/: Բեմական հագուստը և բեմի ձևավորումը` «Տերյան» մշակութային կենտրոնի:
Նախագծի պրոդյուսերն է «Մշակութային կրթության աջակցության» հիմնադրամի տնօրեն Նելլի Սարգսյանը: Նախագծի գործադիր պրոդյուսեր` Սահականուշ Սահակյան: Նախագծի համակարգողներ՝ Քրիստինե Գարգարյան, Մարիաննա Թադևոսյան:
Ս. թ. մարտի 30-ին, ՀՀ մշակույթի նախարարությունում` կանադացի կոմպոզիտոր Ռոն Հաննահի «Լուսավորիչ» օպերայի առաջնախաղին նվիրված մամուլի ասուլիսին մասնակցում էին` ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի ժամանակակից արվեստի վարչության պետի տեղակալ Լիլիա Նիկոյանը, կոմպոզիտոր Ռոն Հաննահը, նախագծի գեղարվեստական ղեկավար և լիբրետոյի հեղինակ Անդրեա Մելլիսը, «Մշակութային կրթության աջակցության» հիմնադրամի տնօրեն, նախագծի պրոդյուսեր Նելլի Սարգսյանը, նախագծի գործադիր պրոդյուսեր, թարմանիչ Սահականուշ Սահակյանը, դիրիժոր Հարություն Արզումանյանը:
ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի ժամանակակից արվեստի վարչության պետի տեղակալ Լիլիա Նիկոյանի խոսքով. «Ողջունելի է ավստրիացի հեղինակավոր կոմպոզիտորի նման նախաձեռնությունը` անդրադառնալ հայկական թեմային, օգտագործել հայկական ժողովրդական մեղեդիներ, ստեղծել ներկայանալի գործ, որը սիրով կատարում են հայ պատանիներն ու մանուկները: Համոզված եմ` «Լուսավորիչ» օպերան մշակութային կրթության ոլորտում կարևորագույն իրադարձություն է: Նշեմ նաև, որ ՀՀ մշակույթի նախարարությունն այն ընդգրկել է «Մշակութային կանգառ» ծրագրում»:
«Լուսավորիչ» օպերայի հեղինակ, կոմպոզիտոր Ռոն Հաննահի տեղեկացմամբ` մի քանի տարի առաջ Հայաստան է այցելել, անչափ տպավորվել պատմամշակութային հուշարձաններով, իսկ առաջին անգամ լինելով Խոր Վիրապում` մեծ հետաքրքրությամբ է ծանոթացել Գրիգոր Լուսավորչի զարմանալի պատմությանը: Հետևաբար սիրով գրել է այս ստեղծագործությունը: «Ինձ համար մեծ պատիվ է լինել Արամ Խաչատրյանի հայրենիքում, ներկայացնել օպերա», - իր խոսքում նշել է Ե. Հաննահը:
Նախագծի գեղարվեստական ղեկավար և լիբրետոյի հեղինակ Անդրեա Մելիսն ընդգծել է, որ լիբրետոյի հիմքում ընկած է գոյատևման, կենդանի մնալու գաղափարը. «Հայաստանում վարպետության դասեր եմ անցկացրել և հիացել այն ձայներով, որոնք կան այստեղ: Ցանկանում եմ դռներ բացել երեխաների, երիտասարդների առաջ, հաղորդակից դարձնել նրանց աշխարհին»:
«Մշակութային կրթության աջակցության» հիմնադրամի տնօրեն, նախագծի պրոդյուսեր Նելլի Սարգսյանն իր խոսքում կարևորել է բեմադրիչի վարպետությունը, ինչի արդյունքում երեխաները մեծ հաճույքով են աշխատել բեմի վրա և հաղթահարել լեզվական խոչընդոտները: