30/03/2017 11:44
Սպառազինությունների հավասարակշռությունը տարածաշրջանում խախտված է, բայց կա ուժերի հավասարակշռություն. Վիգեն Սարգսյան
Հայաստանը հետաքրքրված է Ռուսաստանից այնպիսի տեխնիկայի ձեռքբերմամբ, որը կկարողանա բալանսավորել Ադրբեջանի կողմից սպառազինության աճն ու չեզոքացնել Ադրբեջանի զինանոցում առկա մի շարք զինատեսակների օգտագործման հնարավորությունը, ռուս լրագրողների հետ հանդիպմանն ասել է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:
Նրա խոսքով` Հայաստանը երկխոսում է ոչ միայն ռուս, այլև՝ զինված ուժերի վերազինմանը աջակցող այլ գործընկերների հետ:
«Մենք տարբեր սպառազինություն ենք գնում` հենվելով ԶՈւ զարգացման նախագծի վրա: Դրա մեծ մասն ունի «գերգաղտնի» պիտակը, բայց գործընթացն անընդհատ է», - ընդգծել է Վիգեն Սարգսյանը:
Նա նշել է նաև, որ սպառազինության հավասարակշռությունը տարածաշրջանում խախտված է:
«Երկար ժամանակ Ադրբեջանը ծախսում էր բյուջետային միջոցները տարբեր երկրներից սպառազինության ձեռքբերման վրա, ինչը բերել է տարածաշրջանում սպառազինության հավասարակշռության խախտման: Բայց ուժերի հավասարակշռություն, ինչպես նշում են միջազգային փորձագետները, կա: Հայաստանը հնարավորություն ունի չեզոքացնել այդ հավասարակշռության խախտումը և պետք է աշխատել այն ուղղությամբ, որ հավասարակշռությունը վերականգնվի», - ասել է Վիգեն Սարգսյանը: