30/03/2017 13:26
Նիկոլ Փաշինյան. Լևոն Տեր-Պետրոսյանի առաջարկած բանաձևով Ղարաբաղը երբեք ինքնորոշված չի լինելու
Լևոն Տեր-Պետրոսյանի առաջարկած բանաձևով Ղարաբաղը երբեք ինքնորոշված չի լինելու, այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց «Ելք» դաշինքի պատգամավորի թեկնածու, ՀՀ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:
Անդրադառնալով Ղարաբաղյան հակամարտության լուծման շուրջ իրենց առաջարկած տեսակետին, որը քննադատվել էր ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից, Նիկոլ Փաշինյանը նշեց.
«Եթե մեր ասածը (դաշինքը նշում է, որ փոխզիջումն ապսուրդ է Aysor.am) մեկնաբանելով, նա ասում է, որ Ղարաբաղի հարցը երբեք չի լուծվելու, ապա իր ասածն էլ նշանակում է, որ Ղարաբաղը երբեք ինքնորոշված չի լինելու: Ինքն ասում է, որ Ղարաբաղի հարցը երբեք չի ստանալու մի լուծում, որը մեզ համար ընդունելի է լինելու: Պարոն Տեր-Պետրոսյանը, իր համախոհները ինչ-որ լուծման տարբերակի մասին են խոսում, բայց ո՞րն է այդ տարբերակը, եթե Մադրիդյան սկզբունքների հիմքում երեք դրույթ է ընկած՝ ուժ չկիրառելը, ազգերի ինքնորշման իրավունքը և տարածքային ամբողջականության պահպանումը: Ցանկացած կարգավորում պետք է հիմնվի այս երեք սկզբունքների վրա, իսկ Արդբեջանն այս դրույթներն անընդհատ խախտում է»:
Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ Լևոն Տեր-Պետրոսյանի, այդ թվում՝ իշխանությունների գործունեության ընթացքում զիջում բառը փոխարինվել է փոխզիջում անունով:
«Բայց ի՞նչ զիջում, երբ Ադրբեջանն ասում է, որ իրենք Ստեփանակերտում, Երևանում են թեյ խմելու, Սևանա լճի ափին չգիտեմ՝ ինչ են անելու, այս պայմաններում խոսել տարածքների փոխզիջումների մասին, նշանակում է Ադրբեջանին առանց որևէ խնդրի մոտեցնել Ստեփանակերտին, Երևանին ու Սևանին», - հավելեց նա: