30/03/2017 11:39
Նախընտրական առաջարկներն ու խոստումները մեծամասամբ կոսմետիկ բնույթ են կրում. Թաթուլ Մանասերյան
Նախընտրական ծրագրերում քաղաքական ուժերի գերակշիռ մեծամասնությունը չի խուսափել պոպուլիստական խոստումներից, այս մասին, ամփոփելով ընտրություններին ընդառաջ տնտեսագետներից կազմված պլատֆորմի քննարկումների արդյունքները, հայտարարեց տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը:
«Բազմաթիվ դրույթներ միմիայն քվեներ շահելու համար են օգտագործվում: Քաղաքական ուժերն իրենց բնավ նեղություն չեն տվել փոքր-ինչ հստակություն մտցնել, թե ինչպես են այդ առաջարկի իրագործումը պատկերացնում», - նշեց նա:
Տնտեսագետն ընդգծեց, որ առաջարկներն ու խոստումները մեծ մասամբ կոսմետիկ բնույթ են կրում, որոնք չեն կարող փոխել Հայաստանի տնտեսության իրավիճակը: Բացի այդ էլ, Թ. Մանասերյանը նշեց, որ քաղաքական ուժերում գտնվող տնտեսագետները կամ զլացել են գործնական քայլեր ներկայացնել կամ տուրք են տվել քաղաքական ուժերի ղեկավարների և մակերեսային խոսքերով բավարարվել:
«Գրեթե բոլորի ծրագրերում կոռուպցիայի վերացման մասին է խոսվում, բայց. թե ինչպես այդ աղետի դեմ պայքարել, չենք տեսնում, նույնը վերաբերում է ստվերային տնտեսությանն ու վարկերի մասին եղած դրույթներին», - հավելեց նա:
Խոսելով նախընտրական ծրագրերում փոքր և միջին բիզնեսները հարկերից ազատելու մասին դրույթներից՝ տնտեսագետը նշեց, որ նախ անհրաժեշտ է տարանջատել փոքր և միջին բիզնեսը:
«Պետք չէ խառնել փոքր և միջին բիզնեսը: ՀՀ տնտեսության զարգացումը մեծապես փոքր բիզնեսի կայացմանն է ուղղված: Հարկային արտոնությունների պարագայում բոլորիս մոտ խնդիրներ են առաջանում: Պարզ չէ, թե ինչպես հարկեր չհավաքելով, մենք կարող ենք աշխատավարձեր բարձրացնել», - ասաց բանախոսը:
Վերջինս նաև ընդգծեց, որ քաղաքական ուժերի ծրագրերում գրեթ անդրադարձ չկա գիտության զարգացմանը: