30/03/2017 11:41
Ինչո՞ւ որևէ մեկը պիտի միլիարդավոր ներդրումներ կատարի ՀՀ-ում, եթե մենք ինքներս ներքին ներդրումներ չենք անում. Տնտեսագետ
Հայաստանի տնտեսությունը չի կարող գրավիչ լինել դրսի ներդրողների համար, եթե ներսում ներդրումներ չկան, նման կարծիք լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը:
Անդրադառնալով 15 մլրդ դոլարի ներդրում Հայաստան բերելու մասին Գագիկ Ծառուկյանի խոստմանը՝ Թաթուլ Մանասերյանն ընդգծեց, որ Հայաստանում ոչ թե 15, այլ 20 մլրդ դոլարի ներդրում էլ կարելի է անել, միայն թե նախքան այդ պետք է հստակեցնել, թե որ ճյուղերում են կատարվելու այդ ներդրումները:
«Ներդրումները շատ կարևոր են, բայց գրեթե ոչ ոք չի անդրադառնում այն հարցին, թե որ ուղղություններով է օգտագործվելու և որտեղից է բերվելու այդ ներդրումը: Բոլորս դրսից ներդրումների ակնկալիք ունենք, ինչո՞ւ որևէ մեկը պիտի միլիարդավոր ներդրումներ կատարի ՀՀ-ում, եթե մենք ինքներս ներքին ներդրումներ չենք անում», - նշեց տնտեսագետը:
Վերջինս հավելեց, որ եթե ներքին ներդրումները չեն խթանվում և դրա անհրաժետությունը քաղաքական ուժերը չեն տեսնում, ապա դրսի ներդրողը հետաքրքրված չի լինի Հայաստանում ներդրում կատարել: