31/03/2017 09:53
Կոնվերս Բանկը սկսել է ՀՀ-ում բնակարանային ֆինանսավորման նոր ծրագիր
Հայաստանում էներգաարդյունավետ բնակշինարարության խթանման նպատակով Կոնվերս Բանկը սկսել է ՀՀ-ում Բնակարանային ֆինանսավորման նոր ծրագիր: Վարկավորման Ծրագիրն իրականացվում է Ազգային հիփոթեքային ընկերության հետ Կոնվերս Բանկի համագործակցության շրջանակներում:
«ՀՀ-ում Բնակարանային ֆինանսավորման 4 փուլի շրջանակներում վարկավորումը հնարավորություն է ընձեռում բարելավել բնակարանային պայմանները, տան կառուցապատման կամ վերանորոգման ժամանակ նորագույն տեխնոլոգիաների կիրառման միջոցով լավագույնս ջերմամեկուսացնել բնակարանը, անցնել էներգախնայողության, ինչպես նաև ձեռք բերել էներգաարդյունավետության դաս ունեցող (A+ -ից բարձր) կենցաղային տեխնիկա», - ասացին Բանկում՝ հավելելով, որ հատկապես հեռավոր բնակավայրերի բնակիչների համար վարկավորման մատչելի պայմանների ստեղծումը, ինչպես նաև շինարարության և վերանորոգման աշխատանքներում էկոլոգիապես մաքուր, էներգաարդյունավետ նյութերի օգտագործումը բանկի վարկավորման քաղաքականության կարևորագույն բաղադրիչներից են:
«ՀՀ-ում Բնակարանային ֆինանսավորման 4 փուլի շրջանակներում շրջանակում hիփոթեքային վարկավորում է իրականացվելու երկու ուղղությամբ՝ «Բնակարանային էներգաարդյունավետ վարկեր» և «Բնակարանային մարզային վարկեր»: Վերջին վարկատեսակով էներգաարդյունավետության ապահովման պարտադիր պահանջ չի առաջադրվում: Հաճախորդներին տրամադրվելու են առավելագույնը 25 մլն դրամի չափով վարկեր՝ առավելագույնը 20 տարի ժամկետով և 11 տոկոս տարեկան դրույքաչափով», - եզրափակեցին Կոնվերս Բանկում:
Նշվեց նաև, որ Կոնվերս Բանկն և Ազգային Հիփոթեքային ընկերությունը սկսել են համագործակցել 2010թ-ից՝ տարբեր ծրագրեր իրականացնելով բնակարանային վարկավորման ոլորտում: