31/03/2017 14:57
Քվեաթերթիկը բանալի է դեպի նոր զինատեսակներ, զրահատեխնիկա, պաշտպանական նոր կառույցներ. Սերժ Սարգսյան (Տեսանյութ)
ՀՀԿ նախընտրական եզրափակիչ քարոզարշավի ժամանակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն իր ելույթը սկսեց հիշատակելով երեկ հողին հանձնած Պաշտպանության բանակի զինծառայող Արտակ Ռաֆայելյանին:
«Երեկ մենք հավերժություն ճանապարհեցինք հայրենիքի զինվորին, մեր զավակին, որ ընկավ իր առաքելությունն իրականացնելիս: Երեկ կրկին բոլոր հասկացողները լուռ գոռում էին՝ պատերազմը չի ավարտվել, գրողի տարած մարդասպան մեքենան դեռ կանգ չի առել, և մենք դեռ շատ անելիքներ ունենք», - ասաց նախագահը:
Վերջինս նշեց, որ Հայաստանը վաղուց զոհ չէ և չի պատրաստվում զոհ լինել. «Մենք չենք սպասելու Աստծո դատաստանին, չհասկացողները պատժվելու են հայ ռազմիկի ձեռքով՝ մարտի դաշտում, ինչպես նախորդ անգամներին: Մենք բոլորս վրեժ ունեք լուծելու, մեր ընկած առյուծների վրեժը պետք է լուծենք՝ ավելի լավ երկիր կառուցելով», - ասաց նա:
Խոսելով ընտրությունների օրվա մասին՝ Սերժ Սարգսյանը նշեց, որ ապրիլի 2-ին խունկ են ծխելու մեկ տարի առաջ Ադրբեջանի լայնամասշտաբ հարձակումը հետ շպրտած հերոսների շիրիմին, ինչպես նաև, որպես ՀՀ քաղաքացի, մասնակցելու են ընտրություններին՝ որոշելու համար գալիք 5 տարիների ընթացքում երկրի զարգացման ուղին:
«Այս համընկնումը որքան պատահական, այնքան էլ ոչ պատահական է: Թերևս, մեզնից յուրաքանչյուրը քվեաթերթիկ է ընտրելու ու շատ կարևոր է, որ ընտրելուց հստակ գիտակցի, որ քվեաթերթիկը նաև բանալի է, դեպի նոր զինատեսակներ, զրահատեխնիկա, պաշտպանական նոր կառույցներ», - ընդգծեց նախագահը:
Վերջինս կոչ արեց հանրությանը քվեաթերթիկ ընտրելուց գիտակցել, որ այդպիսով ձայն է տալիս այն ուժին, որը պետք է լուծի ԼՂ հիմնախնդիրը և ընդգծեց, որ ՀՀԿ-ն ԼՂ համակարտության լուծումը տեսնում է խաղաղ բանակցությունների ճանապահով, որի արդյունքում պետք է հասնել նրան, որպեսզի ԼՂ վերջնական կարգավիճակը որոշվի Արցախի բնակչության կողմից:
«Կասեմ՝ ընտրեք, ում ուզում եք, բայց ընտրելիս հիշեք, որ լավ ապրելու պայմանը միայն ու միայն տևական աշխատանքն է ու հիշեք՝ ընտրելիս բանակին զավակ ուղարկած մայրերին, որոնց սրտի յուրաքանչյուր հարվածը որդիների ապահով ծառայության վայրկյաններն է հաշվում», - ընդգծեց Սերժ Սարգսյանը: