31/03/2017 20:52
Բաքվի միակ ներքին գործը իր հասարակությանը ԼՂ կարգավորմանը նախապատրաստելն է. Շավարշ Քոչարյան
Լեռնային Ղարաբաղի հարցում Ադրբեջանի միակ ներքին գործն է իր հասարակությանը պատրաստել հիմնախնդրի կարգավորմանը, Aysor.am-ին ասաց ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը։
«Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորման շուրջ Ադրբեջանի միակ ներքին գործն է իր հասարակությանը նախապատրաստել հիմնախնդրի՝ միջնորդների կողմից առաջարկված սկզբունքների հիման վրա կարգավորմանը, որը ներառում է Արցախի ժողովրդի պարտադիր իրավական ուժ ունեցող կամարտահայտման միջոցով Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշում», - նշեց Շ.Քոչարյանը։
Նրա խոսքով, Ադրբեջանի նախագահի հայտարարությունները հերթական փորձն են ներքին լսարանին շեղելու երկրում ընտանեկան ավտորիտար համակարգի արմատավորումից, մարդու հիմնարար իրավունքների համատարած ոտնահարումներից և այլախոհների անդադար հետապնդումներից:
«Սեփական ժողովրդին խաղաղությանը նախապատրաստելու փոխարեն այդ հայտարարությունները միտված են հանուն ժառանգական իշխանության պահպանման անտեսել 90-ականներին Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի ագրեսիայի ծանր հետևանքները և սեփական ժողովրդին ներքաշել նոր արկածախնդրության մեջ», - ընդգծեց ՀՀ փոխարտգործնախարարը։
Այսօր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած և սպասվող գործընթացները՝ Ադրբեջանի ներքին գործն է։