31/03/2017 19:32
Սերիալասեր հեռուստադիտողները հնարավորություն կունենան «հանդիպելու» հնդկական սերիալների հերոսներին
Երգիչ-հաղորդավար Վարդան Սարգսյանն այս օրերին Հնդկաստանում է: Ճամփորդությունն այս անգամ գործնական նպատակ ունի. հաղորդավարը ATV հեռուստաընկերության «Տնից հեռու» հեղինակային հաղորդման շրջանակներում հեռուստադիտողին է ներկայացնելու հարցազրույցներ հնդիկ դերասանների հետ, ովքեր այսօր, շնորհիվ հնդկական սերիալների, մեծ ճանաչում ունեն Հայաստանում:
«Ինձ հետ մեծ թիմ է մեկնել. մարդիկ, ովքեր երազում էին տեսնել այս երկիրը… Քանի որ այժմ ես նաև տուրիստական ընկերություն ունեմ, ուստի, բոլորն ինձ հետ կարող են մեկնել մի շարք երկրներ: Գնալու եմ նաև Մումբայի քաղաք, որտեղ էլ հանդիպելու ու նկարահանելու եմ հնդկական սերիալների հանրահայտ դերասաններին», - Aysor.am-ի հետ զրույցում նշեց երգիչ-հաղորդավարը:
Դերասանների հետ արդեն իսկ նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել, սակայն անուններ տալ հաղորդավարը դժվարացավ՝ խոստանալով միայն գործն անելուց հետո բարձրաձայնել.
«Այդ հարցում թույլ տվեք հիմա լռեմ: Լավ իմանալով մեր բարեկամ հնդիկներին՝ պետք է ասեմ, որ նրանք սիրում են հաճախ խոստանալ ու չկատարել խոստումը: Երբ նկարահանումներն ավարտվեն, անպայման կմանրամասնեմ»:
Հնդիկ դերասանները նկարահանումներին հեշտ չեն համաձայնվել, վարձատրության հարցում էլ մեծ ակնկալիքներ ունեին…
«Նրանցից մի քանիսը դժվարությամբ համաձայնվեցին նկարահանվել: Բայց ես բնավորության մի ուժեղ գիծ ունեմ. եթե մի բան որոշում եմ, անպայման իրականացնում եմ, ինձ համար դժվար կամ հեշտ չկա, կա նպատակ և վերջ… Ինչ վերաբերում է գումարին, ապա սկզբում շատ մեծ թվեր պահանջեցին, բայց հետո հասկացան՝ հայերի հետ անհնար է այդ լեզվով խոսել: Եթե ցանկանում են անվճար նկարահանել, այդպես էլ կլինի: Այնպես որ, մի քանի օրից, երբ, վերջապես, հայտնվեմ հնդկական կինոյի աշխարհում, հետաքրքիր դեպքեր կլինեն» ,- ծիծաղելով նկատեց նա:
Հարցին, թե արդյոք ինքը հնդկական սերիալների սիրահար է, պատասխանեց.
«Ցավոք, ժամանակի սղության պատճառով չեմ դիտում, բայց այս հանդիպումներին պատրաստվելու նպատակով ծանոթացել եմ նրանց դերերին, սակայն խոստովանեմ, որ մանկությանս տարիներին հին հնդկական ֆիլմեր նայել եմ, դրանք այն ժամանակ նորաձև էին»:
Նկարահանումները կսկսվեն ապրիլի առաջին օրերին, հնդիկ դերասանների մասին հաղորդումը եթերում կլինի մայիս ամսից: