01/04/2017 12:41
Արթուր Այվազյանի (Մանախ) հետ կատարվածը նման է PR քայլի. Պաշտպան
ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի կողմնակիցների հետ երեկ գիշեր տեղի ունեցածը, փաստաբան Հայկ Ալումյանի պնդմամբ, իրականում շատ է տարբերվում ներկայացված պաշտոնական վարկածից:
«Իրականությունը շատ է տարբերվում ներկայիս պաշտոնական վարկածից: Եվ շատ նման է PR քայլի», - Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց փաստաբան Հայկ Ալումյանը, ով ներկայացնում է այդ դեպքի առթիվ հարուցված քրեական գործով անցնող Արթուր Այվազյանի՝ «Մանախ» մականունով, շահերը:
Հիշեցնենք՝ ոստիկանությունը հաղորդագրություն էր տարածել՝ տեղեկացնելով, թե Փաշինյանը ահազանգել է և հայտնել, որ Սվաճյան և Անդրանիկի փողոցների խաչմերուկում իրենց վստահված անձանց վրա զինված հարձակում է տեղի ունեցել և գողացել են դրոշները:
Նշվում էր նաև, որ դեպք վայրում կատարվել են անհետաձգելի մի շարք միջոցառումներ և կարճ ժամանակ անց ոստիկանության ծառայողները պարզել են հանցագործությունը կատարողի ինքնությունը՝ 1977 թ. ծնված Արթուր Ա.:
Հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով` «խուլիգանությունը, որը զուգորդվել է անձի նկատմամբ բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով, ինչպես նաև ուրիշի գույքը ոչնչացնելով կամ վնասելով»: Արթուր Ա.-ն ձերբակալված է:
«Նաև կարևոր մի նրբություն կա. Արթուր Այվազյանը այս իշխանություններին ոչ միայն չի սիրում, այլ՝ իրեն նրանց զոհն է համարում: Միաժամանակ, շատ դրական կարծիք ուներ Ելք-ի մի շարք անդամների մասին: Եվ հետո, ատրճանակով զինված Արթուր Այվազյանը հարձակվեց Ելք-ի կողմնակիցների վրա, բայց նրանք ոչ մի վնասվածք չստացան, իսկ ինքը ամբողջովին ծեծված վիճակու՞մ է: Այդ ամենն այն դեպքում, երբ նա շատ մարզված է», - հարցադրումներ արեց փաստաբանը:
Նրա խոսքով՝ ոստիկանությունը կոպտորեն խախտում է անմեղության կանխավարկածը: «Ո՞վ որոշեց, որ «հանցագործությունը կատարած անձը» Արթուր Այվազյանն է: Ոստիկանությո՞ւնը: Իրենց դատարանի տե՞ղ են դրել», - նկատեց Հայկ Ալումյանը:
Հարցին, թե արդյոք կարծում է՝ հրահրել են իր պաշտպանյալին, Ալումյանը պատասխանեց. «Ես վստահ եմ դրանում, բայց, մինչև երկուշաբթի օրը Ելք-ի գործողությունները չեմ ցանկանա հրապարակային մեկնաբանել՝ հայտնի պատճառով»: