01/04/2017 15:17
Արթուր Այվազյանը ոչ թե ծեծվել է, այլ վնասվածքն ստացել է հարթ մակերևույթի հետ շփումից. Նիկոլայ Բաղդասարյան
Երեկ՝ ուշ գիշերը, տեղի ունեցած վիճաբանության հետևանքով խորհրդարանական ընտրություններին մասնակցող դաշինքներից մեկի (այսօր «լռության օր» է անունը չենք հրապարակում՝ հեղ.) ներկայացուցիչ Հայկ Սարգսյանը ճանաչվել է տուժող:
Նրա ներկայացուցիչ, փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ներկայացրեց, թե ինչպես է դեպքը տեղի ունեցել.
«Դաշինքի շտաբի պետ Հայկ Սարգսյանը, դաշինքի ներկայացուցիչներն ու համակիրները, որոնց թվում եղել է Գոռ անունով մի տղա, իրականացրել են քարոզարշավ: Հարավ-Արևմտյան թաղամասում բակերից մեկում Հայկ Սարգսյանը վերադարձել է իր ավտոմեքենայի մոտ, նկատել է, որ իր մեքենայի միջից հանել են եռագույնը, որը դուրս եկած է եղել մեքենայի պատուհանից:
Պարզելով, որ բակում կանգնած տղաներից մեկն է վերցրել դրոշը՝ դիմել է Արթուր Այվազյանին, խնդրանքով վերադարձնել: Սակայն վերջինը հրաժարվել է վերադարձնել դրոշը՝ ասելով, որ իրավունք չունեն դրոշը օգտագործել քարոզչության ժամանակ, ինքը դա դրել է իր ընկերոջ գերեզմանի վրա և Հայկը կարող է գնալ և վերցնել: Այդտեղից էլ սկսվել է վիճաբանությունը: Նա հարվածել է Հայկ Սարգսյանի դեմքին, որի հետևանքով Հայկը ստացել է մարմնական վնասվածք և վիճաբանության ընթացքում Արթուր Այվազյանը իր մոտից հանել է ատրճանակը: Բայց Գոռը, որը առավոտյան էր պատրաստակամություն հայտնել միանալ քարոզարշավին, հարվածել է Արթուր Այվազյանի ձեռքին, գցել գետնին ատրճանակը ու հետո վերցրել այն:
Տուժող Հայկ Սարգսյանը փորձել է դեպքի վայրից հեռանալ՝ նստելով իր ավտոմեքենան, սակայն Արթուր Այվազյանը բռնել է շարժման մեջ գտնվող մեքենայի դուռը, և քանի որ մեքենան շարժվել է, նա չի կարողացել պահել իր կոորդինացիան ու ընկել է դեմքով ասֆալտին»:
Նրա խոսքով՝ Արթուր Այվազյանն իր վնասվածքներն ստացել է ասֆալտի հետ շփման հետևանքով:
«Եթե ուշադիր նայենք Արթուր Այվազյանի լուսանկարները, կտեսնենք, որ նա ոչ թե ծեծված վիճակում է, այլ դեմքի շրջանում ստացած վնասվածքը հարթ մակերևույթի հետ շփման հետևանք է: Եթե լիներ ծեծ, ապա նա չէր կարող ունենալ նման միատարր և նման բնույթի վնասվածք», - ասաց Բաղդասարյանը:
Փաստաբանը չցանկացավ մեկնաբանել Aysor.am-ի հետ զրույցում Արթուր Այվազյանի («Մանախ») փաստաբան Հայկ Ալումյանի հայտարարությունը, թե Արթուր Այվազյանի հետ կատարվածը նման է PR քայլի:
«Դա իր, անձնական կարծիքն է, ոչինչ չունեմ ասելու Հայկ Ալումյանի անձնական կարծիքի մասին», - նշեց Բաղդասարյանը:
Բացի այդ, ըստ նրա, իրավապահների կողմից Արթուր Այվազյանի արարքին սխալ որակում է տրվել:
«Իմ կարծիքով, արարքը պետք է որակվեր ոչ թե խուլիգանություն, այլ 149 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով, այն է՝ «Ընտրական իրավունքի իրականացմանը, ընտրական հանձնաժողովների աշխատանքներին կամ ընտրությանը մասնակցող անձանց լիազորությունների իրականացմանը խոչընդոտելը»: Ճիշտ որակում կատարելու համար կարևոր փաստերից է, որ դեպքի վայրում կանգնեցրած ավտոմեքենաների վրայի պաստառները ևս վնասել են, մասնավորապես, ներկով ծածկել էին Նիկոլ Փաշինյանի դեմքը:
Ես կարծում եմ, որ դատախազությունը, քննչական մարմինները կանդրադառնան Արթուր Այվազյանի արարքի որակմանը: Իմ կարծիքով նման որակումը պայմանավորված է գալիք ընտրություններով, իսկ ընտրություններից հետո կտրվի արարքի ճիշտ որակում», - հավելեց նա: