01/04/2017 07:59
Վստահված անձանց վրա զինված հարձակում գործածը «Հոկտեմբերի 27»-ի գործով նախկին դատապարտյալ էր. Ոստիկանությունը հրապարակել է լուսանկարը
Մարտի 31-ին Հարավ-Արևմտյան թաղամասում խորհրդարանական ընտրություններին մասնակից դաշինքներից մեկի կողմնակիցների նկատմամբ զինված հարձակում գործած անձի ինքնությունը պարզվել է. նա «Հոկտեմբերի 27»-ի գործով նախկին դատապարտյալ Արթուր Այվազյան է՝ «Մանախ» մականունով։ Ոստիկանապետի խորհրդական Նարեկ Մալյանը իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է նրա լուսանկարը։
«Մանախը» նկատենք, մեկ տարի առաջ ազատ արձակվել 15 տարվա պատժի կրումից հետո։ Նա նախկինում մեղադրվում էր և դատապարտվել էր «Հոկտեմբերի 27»-ի գործով կարևորագույն վկաների մեկի՝ Սամվել Առաքելյանի սպանությունը պատվիրելու համար։ Սամվել Առաքելյանը սպանվել էր 2001-ի հոկտեմբերի 14-ին, նրա դիակը հայտնաբերվել էր Երևանի Հաղթանակ կամրջի տակ:
Ավելի վաղ Aysor.am տեղեկացրել էր Հարավ-Արևմտյան թաղամասում, Անդրանիկի և Սվաճյան փողոցների մոտակայքում պատգամավորության թեկնածու Նիկոլ Փաշինյանի վստահված անձանց նկատմամբ կատարվել էր զինված հարձակում, սակայն նրանք կարողացել էին առգրավել զենքը։ Հանցագործության մասին հաղորդում էր ներկայացվել ոստիկանություն, միջադեպի վայրում կատարվում էին քննչական գործողություններ։ Դաշինքի կողմնակից Հայկ Սարգսյանը, որը կարողացել էր առգրավել զենքը, ստացել էր թեթև վնասվածքներ։
Ավելի ուշ կեսգիշերն անց, Փաշինյանը իր ֆեյսբուքյան էջում ուղիղ եթերում հայտարարել է, որ զենքը հանձնվել է ոստիկանությանը և պարզվել է, որ դրանում կան մարտական յոթ փամփուշտներ, դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։