03/04/2017 16:57
Ապագա խորհրդարանը կունենա 105 պատգամավոր. ՀՀԿ-ին կանցնի 55 մանդատ, «Ծառուկյան» դաշինքին՝ 31
Հանրապետական կուսակցությունը ապրիլի 2-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքներով 6-րդ գումարման Ազգային ժողովում կունենա 58 պատգամավորական տեղ, Aysor.am-ին տեղեկացրեց ԱԺ աշխատակազմի ղեկավար, սահմանադրագետ Հրայր Թովմասյանը:
Նշենք, որ ԿԸՀ-ի հրապարակած նախնական արդյունքներով, խորհրդարան է անցնում չորս ուժ. երկու դաշինք՝ «Ելք»՝ 7,77% (122 049 ձայն) և «Ծառուկյան» դաշինքը՝ 27,32% (428 965) ու երկու կուսակցություն՝ Հանրապետական՝ 49,12% (771 247) և Դաշնակցություն 6,57% (103 173):
Հ.Թովմասյանն ասաց, որ արդեն արել է հաշվարկներ, որոնց համաձայն, Հանրապետական կուսակցությունը, նաև հաշվի առնելով ազգային փոքրամասնություններին մանդատի բաշխման ընթացակարգը, կստանա 58 պատգամավորական տեղ:
«58-ից 28-ը կստանան կուսակցության համապետական ցուցակի 1-ից 28 համարների թեկնածուները, իսկ 27 տեղերը կբաշխվեն ռեյտինգային թեկնածուների միջև», - ներկայացրեց Հ.Թովմասյանը:
Ինչ վերաբերում է ռեյտինգային թեկնածուների միջև պատգամավորական տեղերի բաշխմանը, ապա, ըստ Հ.Թովմասյանի, թիվ 1 և թիվ 2 ընտրատարածքներից ՀՀԿ-ն կունենա երկու պատգամավոր, թիվ 3 ընտրատարածքից ՀՀԿ-ն կունենա 3 պատգամավոր, 2 ընտրատարածքից կունենան մեկական պատգամավոր, երեք ընտրատարածքից՝ 3 պատգամավոր, իսկ մյուսներից՝ երկուական պատգամավոր:
«Ընտրվելու են այն ռեյտինգային պատգամավորները, ովքեր իրենց ձայների քանակով առաջին, երկրորդ տեղում են», - հավելեց Հ.Թովմասյանը:
Անդրադառնալով խորհրդարան անցած մյուս ուժերին, նա ասաց, որ «Ծառուկյան» դաշինքը կստանա 31 պատգամավորական տեղ, 9 պատգամավորական տեղ կստանա ԵԼՔ դաշինքը և 7 պատգամավորական տեղ կստանա Հ. Յ. Դաշնակցություն կուսակցությունը:
«Խորհրդարանում, այս դեպքում, պատգամավորների քանակը կլինի 105, այսինքն՝ այն, ինչ նախատեսված է ի սկզբանե, որ էլ չի ավելանա: Ընտրական օրենսգրքով նախատեսված է նվազագույնը 101 և 4 ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ», -նշեց Թովմասյանը:
Ապրիլի 9-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում կկայացնի, կամփոփի ընտրությունների արդյունքները և խորհրդարանի վերջնական պատկերը կձևավորվի:
Նշենք, որ Հայաստանի օրենսդրության համաձայն խորհրդարանում մանդատների բաշխումը կատարվում է հետևյալ կերպ՝ կուսակցությունների կամ դաշինքների ստացած ձայների թիվը (ոչ թե տոկոսները) բազմապատկվում է 101 թվով (ԱԺ-ի մանդատների նվազագույն թվով) և բաժանվում է խորհրդարան անցած քաղաքական ուժերին կողմ քվեարկած քվեաթերթիկների հանրագումարին, այսինքն՝ այս դեպքում կարող է բաժանվել ՀՀԿ-ին, «Ծառուկյան» դաշինքին, «Ելք»-ին և ՀՅԴ-ին կողմ քվեարկածների հանրագումարին: