03/04/2017 20:18
Վատ, շատ վատ բեմադրած ստեղծագործական աշխատանք էր այս ընտրությունը. Ռուդոլֆ Ղևոնդյան
Ապրիլի 2-ին Հայաստանի հանրապետությունը ընտրական եռուզեռի մեջ էր: Շատերն այս տարվա խորհրդարանական ընտրությունների ընթացքին հետևում էին դեռ մարտի 5-ից՝ ընտրական քարոզարշավի մեկնարկից: Այն մասին, թե ինչո՞վ առանձնացավ և ինչո՞վ կրկնեց ընտրական այս շրջանը նախորդներին, դեռ շատ կխոսվի, բայց այն, որ 2017 թվականի ընտրությունները տեխնիկական հագեցվածությամբ չկրկնվող էին, աննկատ չմնաց:
«Ես, առհասարակ, չեմ հետաքրքրվում, ուշադրություն չեմ դարձնում, որովհետև ամեն ինչ սուտ է ու կեղծիք: Իմ սրտով չի այս ամենը: Բայց չեմ կարող չնկատել, որ այս տարի շատ ավելի «քաղաքակիրթ», «մակարդակով» ու «զարգացած» էին դարձել, մանկական խաղերով չէին զբաղվում: Մարդիկ ճիշտ ծախսեր էին արել, ապարատ էին առել, որով մատնահետքեր էին վերցնում: Իսկ գիտե՞ք ինչ արժի այդ ապարատը՝ 24 հազար եվրո: Նախորդ անգամ 14 հազար եվրո էին տվել, պլաստմասե «յաշիկներ» էին առել, բայց այսօր արդեն կարտոնի ետևում էին «պախկվում»: Հիմա արդեն արդիականը մատնահետքի թանկարժեք մեքենաներն են: Ապրեն իրենք, շատ «խելացի» ծախսեր են արել: Թող հաղթեն, թող շահեն ու շարունակեն ապրել այնպես, ինչպես սկսել են» - Aysor.am-ի հետ զրույցում, անթաքույց հեգնանքով, նշեց դերասան Ռուդոլֆ Ղևոնդյանը:
Վերջինիս առավել զայրացրել է այն, որ, ըստ նրա, ապրիլի 2-ի ընտրությունները զուսպ չեն անցել: Հաղթող քաղաքական ուժերը խանդավառվել էին, երգում, պարում ու հրավառություն էին անում:
«Ինչպե՞ս կարելի էր այդ ամենն անել քառօրյա պատերազմի օրը, մեր զոհված էրեխեքի օրը: Իրենց երջանկության, ուրախության չափն այդ ի՞նչ էր… Զարմանալի մարդիկ են, տո: Սա թուրքի իշմարանք ա, թուրքի նախագիծ, էս ամեն ինչը թրքություն ա», -վրդովմունքով նկատեց նա:
Ռուդոլֆ Ղևոնդյանը ընտրություններին չի մասնակցել, չի էլ հետաքրքրվել, թե ովքեր են խորհրդարանի նոր անդամները, այս թեման իր համար փակ է:
«Ես նույնիսկ Սովետական ժամանակներում ընտրությունների չեմ գնացել, ուր մնաց հիմա գնամ: Ինձ բոլորովին հետաքրքիր չի: Ինչ տարբերություն, գուցե դեմքը, հագուստը փոխվի, բայց հո հոգեբանությունը, նապատակներն ու գաղափարները չի՞ փոխվելու: Մեկ է, նորից իրենք են՝ գռփելու, տանելու, քյասիբ ժողովուրդ սարքելու նպատակով: Այդպես են անում, որ մարդիկ հեռանան երկրից ու այնտեղից բարեկամների միջոցով փող բերեն, որ իրենք կարողանան այդ փողից էլ օգտվեն: Շա՜տ խելացի քայլ է… Թուրքն ասել է՝ հայի վերջին խելքն իմը լիներ: Այ հենց սա է, հայի վերջին խելքն այս թուրքին էլ տված է: Այո, իրենք թուրք են, նրանց պես էլ ժողովրդի հետ վարվում են: Ժողովրդին դրել են, մեղմ ասած, գառնուկի տեղ, 10 հազար դրամով կաշառում են ու կործանում: Էսպես ո՞վ ա երկիր պահում, արդեն անդունդի եզրին ենք: Մնում է՝ դռները փակեք էս երկրի վրա ու տակից կրակ տաք, պրծնեք: Էս երկրին պետք է մի հատ թափ տալ, քանդել նորից հավաքել», - նկատեց մեր զրուցակիցը:
Դերասանը զարմացած է հնչեցված թվերից: Ասում է՝ խաբում ու չեն ամաչում, գիտեն, թե մենք էլ իրենց նման գեղցի ենք, բան չենք հասկանում.
«Ասում են՝ երկրում 2,5 միլիոն մարդ կա, չեն ամաչո՞ւմ: Հայաստանում այդքան ժողովուրդ կա՞ հիմա: Մի հատ հատ-հատ գնացեք ամեն հասցե, բնակարան, տեսեք՝ քանի՞ հոգի է ապրում այնտեղ: Մարդկանց տների հարյուր տարվա մեռելները երկու օրով «վերակենդանացրել» եք, որ ի՞նչ: Վատ, շատ վատ բեմադրած ստեղծագործական աշխատանք էր այս ընտրությունը»:
Անդրադառնալով այն հարցին, որ ոմանք ժողովրդին են մեղադրում քարոզարշավի ընթացքում ընտրակաշառքով հրապուրվելու մեջ, ինչն էլ կարող է ազդած լինել քվեարկության արդյունքներին, պատասխանեց.
«Եթե մարդուն աղքատության մեջ ես պահում, հացի փող չունի՝ ի՞նչ անի: Մեր բակում մթերային խանութ կա, մարդ կա, այդ խանութի «նիսիայի գրքում» 300 հազար դրամի հացի պարտք ունի գրված: Մարդկանց գցում ես ջուրը՝ խեղդվելու, ու ձեռքդ գցում ես՝ կամ կօգնես, կամ չես օգնի: Հիմա ամբողջ ազգն է այ այդպես կախյալ վիճակ մեջ՝ ձեռքը գցած փրփուրներին», - Aysor.am-ի հետ զրույցը եզրափակեց Ռուդոլֆ Ղևոնդյանը: