05/04/2017 14:08
Ես շատ կցանկանայի մի օր էլ գայի Արցախ, նվագեի. Սերժ Թանկյան
Այս օրերին Արցախում գտնվող աշխարհահռչակ ռոք-երաժիշտ, SOAD խմբի հիմնադիր Սերժ Թանկյանը հույս է հայտնել, որ Արցախում իր մենահամերգը շատ չի ուշանա: «Արցախպրես»-ին տված հարցազրույցում նա ասել է.
«Իրապես շատ հուզված և հպարտ եմ՝ տեսնելով Հադրութի շրջանի սահմանամերձ Առաջամուղ գյուղի նոր բնակարանների հանձնման այս պահը: Ընկերոջս՝ Ատոմ Էգոյանին, ասում էի, որ տարբեր միջոցառումների բացմանն եմ մասնակցել, բայց սա ամենահուզիչն էր ինձ համար, որովհետև այստեղ հայ ընտանիք պետք է ապրի, որի համար մենք շատ ուրախ ենք»:
Նրա խոսքով՝ հաճույքով պետք է մի ծրագիր կազմակերպել Արցախում:
Ըստ աղբյուրի՝ Թանկյանը ՊԲ զորամաս այցելելուց հետո մասնակցել է նաև Հադրութի շրջանի Առաջամուղ գյուղում նոր բնակարանների հանձնման հանդիսավոր արարողությանը:
«Ես շատ կցանկանայի մի օր էլ գայի Արցախ, նվագեի և եթե կարողանամ, ուրիշ արվեստագետներ էլ հետս բերեմ: Հիմա ամենակարևորն Արցախի մասին խոսելն է, և այն ներկայացնելը տարբեր վայրերում և մարդկանց: Պետք է բոլորն իմանան, որ Արցախը շատ գեղեցիկ երկիր է, և այստեղի ժողովուրդը բոլորին սպասում և՛ ժպիտներով, և՛ մեծ սիրով: Հուսով եմ, որ իմ մենահամերգն Արցախում չի ուշանա», - ընդգծել է Ս. Թանկյանը: