05/04/2017 15:19
ԼՂՀ ԱԳՆ. Ադրբեջանական իշխանությունները սպառնում են սանձազերծել հերթական պատերազմ
Ցուցադրելով բանակցությունների միջոցով ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը հասնելու ցանկության լիակատար բացակայություն՝ ադրբեջանական իշխանությունները սպառնում են սանձազերծել հերթական պատերազմ։ Այդ մասին ասված է ԼՂՀ ԱԳՆ հայտարարության մեջ:
«Հետևողականորեն բարձրացնելով լարվածության աստիճանն Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում և շարունակելով առճակատման ու թշնամանքի քաղաքականությունը՝ Բաքուն նպատակաուղղված կերպով խորացնում է կողմերի միջև անվստահությունը և ձգտում ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը դարձնել սեփական ապակառուցողական քաղաքականության ու մաքսիմալիստական պահանջների պատանդը», - նշված է հայտարարության մեջ:
Ըստ դրա, Ադրբեջանը ոչ միայն մերժում է համանախագահների առաջարկները, այլև տապալում ցանկացած նախաձեռնություն, որն ուղղված է ռազմական գործողությունների վերսկսման հնարավորության բացառմանը։
«Ավելին, այս ողջ ժամանակահատվածում Ադրբեջանը չի հրաժարվում փորձերից՝ տեղափոխել առճակատման տրամաբանությունը տնտեսության, մշակույթի և նույնիսկ մարդկային շփումների բնագավառներ», - նշված է հայտարարության մեջ: