05/04/2017 11:26
Արամ Խաչատրյանի անվան 13-րդ միջազգային մրցույթի մասնակցության հայտերի ընդունումը շարունակվում է
Մինչև ապրիլի 25-ը շարունակվում է Արամ Խաչատրյանի անվան 13-րդ միջազգային մրցույթի մասնակցության հայտերի ընդունումը։ Մրցույթն այս տարի առաջին անգամ անցկացվելու է «վոկալ» մասնագիտությամբ, տեղեկացնում են «Արամ Խաչատրյան-մրցույթ» մշակութային հիմնադրամից:
Նախընտրական լսումների փուլում մասնակիցների ելույթները կդատեն Արամ Խաչատրյանի անվան 13-րդ միջազգային մրցույթի ժյուրիի նախագահ, Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար և տնօրենի պաշտոնակատար Կոնստանտին Օրբելյանը, դաշնակահար, մանկավարժ, Մետրոպոլիտեն օպերայի դիրիժորի օգնական, մրցույթի այս տարվա հատուկ հյուր Հովարդ Ուոթքինսը և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ակադեմիական երգեցողության թիվ 1 ամբիոնի վարիչ, պրոֆեսոր, միջազգային մրցույթների դափնեկիր Սուսաննա Մարտիրոսյանը:
Նախընտրական լսումներից հետո մրցույթի փուլերին մասնակցելու իրավունք կստանա առավելագույնը 40 մասնակից:
Տեղեկացնենք, որ խաչատրյանական մրցույթը բաղկացած է նախընտրական լսումների փուլից և 3 հիմնական փուլերից՝ 1-ին փուլ, 2-րդ փուլ (կիսաեզրափակիչ), 3-րդ փուլ (եզրափակիչ):
Խաչատրյանի անվան միջազգային մրցույթն ամեն տարի մեկնարկում է հունիսի 6-ին՝ Արամ Խաչատրյանի ծննդյան օրը։ Մրցույթը կայանում է «դաշնամուր», «ջութակ», «թավջութակ», «դիրիժորություն» անվանակարգերում։ Խաչատրյանական մրցույթը Միջազգային երաժշտական մրցույթների համաշխարհային ֆեդերացիայի անդամ է։
Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի կազմակերպիչներն են «Արամ Խաչատրյան-մրցույթ» մշակութային հիմնադրամը, ՀՀ մշակույթի նախարարությունը և Երևանի պետական կոնսերվատորիան։ Մրցույթն անցկացվում է ՀՀ Նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո: Այն երաժշտական նշանակալի իրադարձություն է, որն ընդգրկում է տարբեր երկրներից ժամանած երիտասարդ երաժիշտների։ Հեղինակավոր այս մրցույթի ժյուրիի անդամներ են հանրահայտ երաժիշտներ և երաժշտական մենեջերներ։