05/04/2017 19:54
«Մանախի» մոտ զենք չի եղել, նա զենքը խլել է ԵԼՔ-ի տղաներից. Փաստաբանը մանրամասներ է ներկայացրել
«Մանախ» անունով հայտնի Արթուր Այվազյանի փաստաբան Հայկ Ալումյանը խոսել է իր պաշտպանյալի հետ, ծանոթացել խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի վերջին օրը ԵԼՔ դաշինքի ներկայացուցիչների հետ տեղի ունեցած միջադեպի մանրամասներին:
Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում Հայկ Ալումյանը շարունակեց պնդել, որ կատարվածը ԵԼՔ-ի PR ակցիան էր, որպեսզի ընտրությունների նախօրեին՝ լռության օրը, դաշինքի մասին պարբերաբար խոսակցություններ լինեն:
Մարտի 31-ին գիշերը «Ելք» դաշինքի կողմնակիցների ու Մանախի միջև տեղի էր ունեցել ընդհարում, և դաշինքի շտաբի ներկայացուցիչ Հայկ Սարգսյանը ճանաչվել էր տուժող, հարուցվել էր քրգործ, Այվազյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասով՝ «խուլիգանություն» և 235-րդ հոդվածի 1-ին մասով՝ «Ապօրինի զենք պահելը»։
Փաստաբանն Aysor.am-ին ասաց, որ ի պաշտպանյալի մոտ զենք չի եղել և դեպքի վայրում հայտնված զենքը եղել է «ԵԼՔ»-ի ներկայացուցիչներինը:
«Նրանցից զենքը խլել է, որ նրանք չկիրառեն: Ու այդ զենքի կոթով էլ հարվածել են նրա ճակատին, ինչի հետևանքով էլ առաջացել է բացվածք», - ասաց Ալումյանը:
Ինչ վերաբերում է ԵԼՔ-ի ներկայացուցիչների ու Այվազյանի միջև վիճաբանությանը, Հայկ ալումյանն ասաց, որ այն սկսվել է դրոշից:
«Քարոզչության ժամանակ, երբ դաշինքի ներկայացուցիչները շենքերի բակում իրականացրել են քարոզչություն, մեքենաները կանգնեցրել են պուրակում, այդ ժամանակ եռագույնը ընկած է եղել գետնին, և «Ելք»-ի անդամներից որևէ մեկը ուշադրություն չի դարձրել: Այդ ժամանակ Արթուր Այվազյանը մոտակայքում նստած է եղել, մոտեցել է, վերցրել եռագույնը, խրել է ավազ մեջ, որ եռագույնը գետնին ընկած չմնա: ԵԼՔ-ի ներկայացուցիչները եկել են, հավանաբար, ճիշտ չեն հասկացել, մտածել են, գողացել են եռագույնը, թե ինչ, ու սկսել են մեղադրել, թե ինչու ես մեր դրոշը տարել: Արթուրն ասել է, թե սա ոչ թե ձեր դրոշն է, այլ՝ բոլորինս, ու հետո ասել է, որ պետք էր դրոշը լավ նայել, որ ցեխերի մեջ չընկներ: Ու այս խոսակցությունների ժամանակ քաշքշուկ է սկսել: Նա ինձ ասել է, որ ամբողջ վեճի ընթացքում իրեն զսպել է, որ որևէ մեկին ուժեղ չհարվածի: Ասում է, որ իր երեխու տարիքի երեխեք են եղել, ոնց խփեր նրանց», -պատմեց փաստաբանը:
Ալումյանը տարօրինակ է համարում այն, որ դաշինքի ներկայացուցիչները չեն նկարահանել կատարվածը և չեն ներկայացնում տեսանյութեր: Պատճառը, ըստ նրա, հստակ է. չեն ցանկանում բացահայտվի իրականությունը:
Մեր հարցին, թե ի՞նչ է կարծում ընտրությունների նախօրեին արդյոք դա PR քայլ էր այդ քաղաքական ուժի համար՝ իրենց վարկանիշը բարձրացնելուն ուղղված, Ալումյանը ուղիղ չպատասխանեց: Միայն ասաց, որ քրեագիտության սկզբունքներից է՝ եթե պետք է իմանալ հանցագործության իրական կատարողին, ապա նախ և առաջ պետք է պատասխանել հարցին՝ «ո՞ւմ էր ձեռնտու»:
«Արթուր Այվազյանի ի՞նչ պետքն էր նման բանի մեջ ընկներ: Նա ընդհանրապես շարժառիթ չուներ նման քայլ անելու», - ասաց Ալումյանը:
Փաստաբանը պատրաստվում է առաջիկայում բողոքրակել Արթուր Այվազյանին կալանավորելու մասին դատարանի որոշումը: