06/04/2017 17:25
Կանացի շնչով և բուրմունքով լցված մշակութային տարի է սպասվում. մեկնարկեց «Զրույց՝ հայերեն» խորագրով միջոցառումը (Ֆոտոշարք)
Այսօր Ե.Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում տեղի ունեցավ «Զրույց՝ հայերեն» խորագրով Մայրության և գեղեցկության տոնին նվիրված միջոցառումների շարք:
Միջոցառմանը ներկա ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը կատակեց, որ ինքն է կանանց նվիրել տոնական այդ «մեկամսյակը՝ տղամարդկանց դժգոհ հայացքի ներքո»:
«Հայ կինը՝ հայ ընտանիքի սյունն է. նրա վրա է, հիմնականում, երեխաների կրթության և դաստիարակության հարցերը դրված: Եվ հայ կինն այսօր, տղամարդուն հավասար, մեր քաղաքական, տնտեսական, սոցիալական, մշակութային և առողջապահական ոլորտներում է», - նշեց Սփյուռքի նախարար:
Իսկ ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը խոստացավ «կանանցի գեղեցկությամբ, շնչով և բուրմունքով լցված մշակութային տարի»:
«Մենք Հայաստանում այնպիսի մշակութային տարի կստեղծենք այս տարի, որ ամեն օրը իսկապես տոնի կվերածենք մեր սիրելի կանանց, աղջիկների և երեխաների համար», - ընդգծեց Մշակույթի նախարարը:
Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի տնօրեն Կարո Վարդանյանն էլ նշեց, որ ապրիլի 7-ը շատ է կարևորվում, քանի որ այն նվիրվում է հենց մայրերին:
Նշենք, որ միջոցառմանը «Տերյան» մշակութային կենտրոնի ներկայացուցիչ Անուշիկ Հարությունյանը կատարեց ազգային երգ, իսկ մոդելները հանդես եկան ազգային տարազներով:
Միջոցառման հյուրերը Հայաստանում հավատարմագրված կին դեսպաններ, դեսպանների կանայք և հայ կին գործիչներ էին։