06/04/2017 17:41
«Карабах» մակնշմամբ թուրքական լոլիկի հետքերով (Լուսանկարներ)
Նախօրեին newsbook.am լրատվական կայքում hրապարակվել էր «Թուրքական լոլիկների վրա Ղարաբաղ է մակնշված» վերտառությամբ հոդված, որտեղ պատմվում էր հետևյալի մասին.
Արարատի մարզի Հովտաշատ գյուղի շուկայում հանդիպել են թուրքական լոլիկներով բեռնված արկղեր, որոնք մակնշված են եղել ռուսերեն գրությամբ «Карабах»:
Այս տեղեկությունից հետո Ermenihaber.am-ը փորձել է պարզել հայկական շուկայում հայտնված լոլիկի իրական ծագումն ու հատկապես «Карабах» մակնշման դրդապատճառները:
Լուսանկարում երևացող լոլիկի արկղերի վրա նշված հեռահոսահամարով Ermenihaber.am-ը կապ է հաստատել Թուրքիայի Անթալիա քաղաքում գրանցված «Şahtu Tarım Ürünleri» (Շահթու գյուղմթերքներ) ընկերության տնօրինության հետ:
Արդյունքում պարզվեց, որ այդ ընկերությունը գործում է ընտանեկան բիզնեսի շրջանակներում: Մեզ հետ զրույցում տիկին Սևդա ներկայացած կինը իր ամուսնու հետ միասին հանդիսանում է վերոնշյալ ընկերության սեփականատերը: Ամուսինը թուրք է, իսկ կինը՝ ադրբեջանցի: Սևդան մեզ հայտնեց, որ իր ընտանիքին պատկանող կազմակերպությունը թուրքական գյուղմթերք է արտահանում տարբեր երկրներ (Վրաստան, Ադրբեջան, Ուկրաինա և այլ երկրներ):
Այն հարցին, թե ինչու է լոլիկի մակնշումը ռուսերեն գրությամբ «Карабах», տիկին Սևդան պարզաբանել է, որ «Ղարաբաղ» անվանումը իրենց ընկերության ապրանքանիշն է: Իսկ ռուսալեզու մակնշումը պայմանավորված է նրանով, որ տվյալ խմբաքանակը ուղարկվում է նախկին ԽՍՀՄ մի քանի երկրներ, որտեղ տիրապետում են ռուսերենին:
Սեփականատերերը նաև նշել են նաև, որ իրենց գյուղմթերքը դեռ չեն արտահանել Հայաստան, բայց փոխշահավետ հետաքրքրության դեպքում պատրաստ են հայկական շուկայի հետ ևս աշխատել որպես միջնորդ՝ տարբերակ առաջարկելով Վրաստանի տարածքը:
Ի պատասխան լրատվամիջոցի պայմանական դիտարկմանը, որ «Карабах» ապրանքանիշով թուրքական լոլիկը հայկական շուկայում բարեհաճ ընդունելության չի արժանանա և վաճառքի տեսանկյունից կարող է խնդիրներ հարուցել՝ զրուցակիցը պատասխանել է, որ Հայաստան ուղարկվելիք խմբաքանակը կարող են այլ մակնշումով ուղարկել:
«Սա այն ամենն էր, ինչ հեռախոսակապի միջոցով հնարավոր եղավ պարզել Արարատի մարզի Հովտաշատ գյուղում հայտնված թուրքական լոլիկների ծագման մասին: Քանի որ սեփականատերերը նշեցին, որ դեռ չեն աշխատել հայկական շուկայի, մասնավորապես, հայ ներկրողների հետ, ենթադրվում է, որ «Карабах» լոլիկների հայտնվելը մեր շուկայում մասնավոր դեպք է և մեծածավալ գործարքի բնույթ չի կրում», - գրել է լրատվամիջոցը:
Նշենք, որ Aysor.am-ը այս խնդրի առնչությամբ հարցում է ուղարկել ԿԱ ՊԵԿ լրատվական ծառայությանը, որտեղից խոստացել են մոտ ժամանակում պատասխանել, թե ինչպես է նման մակնշմամբ արկղերով պոմիդորը հայտնվել հայկական գյուղմթերքի շուկայում: