06/04/2017 16:40
Օպերայի շենքում գտնվող սովետական բուֆետը ձեզ դո՞ւր է գալիս, որտեղ գնում են հաց ու «կալբաստ» ուտելու. Արտավազդ Եղոյան
Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի որոշմամբ Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքում նախատեսվում է ընտանեկան հանգստի վայր կառուցել: Այնտեղ կլինեն բացօթյա ռեստորաններ ու սրճարաններ, որտեղ մարդիկ սնվելու հնարավորություն կունենան:
Որոշումը միանշանակ չընդունվեց. մշակութային գործիչներից որոշների, ու նաև հանրության մի մասի կարծիքով՝ այս նախագիծը կյանքի կոչել չի կարելի, այն կարող է խաթարել դասական արվեստի տաճարի անդորրը: Մի մասն էլ զարմացած է թեմայի շուրջ բարձրացված աղմուկից, հատկապես, որ նախագծվածն ու «պատիտակյան» խոսակցությունները միմյանց չեն համընկնում:
«Մի հատ սպասեք, տեսեք՝ ի՞նչ է անում մարդը, նոր հետևից ընկեք: Ձեր իմացած ու պատկերացրած ռեստորաններին, իհարկե, ես էլ դեմ եմ: Եթե այդպիսի ռեստորան սարքվի, առաջինը ես կքարկոծեմ: Բայց այս ռեստորան ասածը այդ 6/8 ռիթմերով պարուրվածը չի, որոնցով ամբողջ Երևանն է գրավված: Օպերային շենքում գտնվող սովետական բուֆետը ձեզ դո՞ւր է գալիս, որտեղ գնում են հաց ու «կալբաստ» ուտելու», - Aysor.am-ի հետ զրույցում վրդովված նշեց վաստակաշատ հեռուստամեկնաբան, դերասան, ռեժիսոր Արտավազդ Եղոյանը:
Աշխարհի հայտնի օպերային թատրոնների մեծ մասը նման սրահներ ունեն, և դա երբեք դժգոհությունների տեղիք չի տվել: Ավելին, այդ սրահներն ունեն իրենց մշտական այցելուները, ու խոսքը միայն թատրոնի աշխատակիցների մասին չէ:
«Ես աշխարհի 2/3-ը ման եմ եկել, համարյա չկա այնպիսի Օպերային թատրոնի շենք, որտեղ մտած չլինեմ: Ու բոլորի մեջ էլ ռեստորանային սրահներ կան (գուցե դրանք ռեստորան անվանե՞լն է սխալ), բարձրակարգ վայրեր, որոնցում մեղմ, դասական երաժշտություն է հնչում, ոչ թե ռաբիզ՝ «տմբլը - տաշ»: Այնտեղ այցելում են տարբեր մարդիկ, ոչ թե միայն թատրոնի աշխատակիցները: Աշխատակիցն այդքան փո՞ղ է ստանում, որ ամեն օր ռեստորանում ծախսի: Եվ վերջապես, դա հավելյալ եկամուտ կարող է բերել թատրոնին: Չեմ հասկանում, մի՞թե կարծում եք, որ մշակութային բոհեմի մեջ ապրած մարդը (նկատի ունի Ա. Ամիրյանին՝ հեղ.) Օպերայի շենքում ինչ-որ «օբյեկտ» կդնի», - տարակուսեց նա:
Ըստ Արտավազդ Եղոյանի՝ մենք սիրում ենք ամեն ինչում վատը փնտրել, տեսնել, քարկոծել ու փնովել՝ առանց խորությամբ ուսումնասիրելու:
«Արմեն Ամիրյանն այդ պաշտոնը վերջերս է ստանձնել, վերջապես մշակութային մարդ եկավ: Երիտասարդ, խելամիտ, գործից հասկացող մարդ է, թողեք, թող աշխատի: Ոչինչ չի բացառվում, գուցե հետագայում վրիպումներ էլ լինեն, բայց այսօր մարդը դեռ չսայթաքած՝ քարկոծում են: Ստիպված սկսում է ինքնապաշտպանությամբ զբաղվել: Թողեք մարդը սայթաքի, հետո՝ կամ ձեռք մեկնեք, օգնեք ու բարձրացրեք, կամ էլ քարկոծեք, քանի որ արդեն հաստատ գիտեք իր սխալը: Անձամբ ես՝ կողմ եմ, երբ ձեռք են մեկնում, օգնում են, ու դիմացինը դաս է առնում այդ սխալից», - զրույցը եզրափակեց Արտավազդ Եղոյանը: