07/04/2017 13:46
Մեկնարկում է «Վերածնունդ» IX միջազգային մրցույթ-փառատոնը
2017թ.-ի ապրիլի 12-ից մեկնարկում է «Վերածնունդ» IX միջազգային մրցույթ-փառատոնը, որն անցկացնում են ՀՀ մշակույթի նախարարությունը, Երևանի պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճուղը, «Փյունիկ» մարդկային ռեսուրսների զարգացման համահայկական հիմնադրամը և «Վերածնունդ միջազգային մրցույթ փառատոն» ՀԿ-ն:
Ըստ ստացված հայտերի՝ մրցույթ-փառատոնին մասնակցելու են ավելի քան 3000 անհատ կատարողներ և համույթներ՝ շուրջ 35 երկրներից, ՀՀ բոլոր մարզերից, ԼՂՀ-ից:
Ժյուրիների կազմում ընդգրկված են 72 նշանավոր արվեստագետներ 14 երկրներից, այդ թվում՝ ԱՄՆ-ից, ՌԴ-ից, Ավստրիայից, ՉԺՀ-ից, Իտալիայից, Արաբական Էմիրություններից և այլն:
Իրականացրած աշխատանքների արդյունքում «Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոնը դարձել է ոչ միայն ՀՀ, այլև տարածաշրջանի և ԱՊՀ երկրների ամենասիրված, ամենամասսայական մշակութային իրադարձություններից մեկը, որը նպաստում է արվեստի գործիչների միջոցով երկրների միջև միջազգային մշակութային երկխոսության և ընդհանուր մշակութային տարածքի զարգացմանը, բարեկամական և ստեղծագործական կապերի ամրապնդմանը, հայ դասական երաժշտության քարոզչությանը:
«Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոնը, կրթական ու մշակութային նշանակությանը զուգընթաց, նաև կարևոր կոչ է ուղղում աշխարհին՝ ոչ ասելու ահաբեկչություններին ու պատերազմներին, որոնք տակավին շարունակում են ալեկոծել մարդկային կյանքերը՝ պատճառ դառնալով անհամար կորուստների:
Ավանդական դարձած այս փառատոնի կազմակերպումը հատուկ արժևորում է ստանում այս տարի, երբ նշվում է ԱՄՆ, ՌԴ, Ֆրանսիայի, Գերմանիայի, Չինաստանի, Ճապոնիայի, Իտալիայի և մի շարք այլ երկրների հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը: Սկսնակ և կայացած երաժիշտների համատեղ ելույթները հավաստելու են հայ ժողովրդի ստեղծարար ուժի անպարտելիության և համամարդկային արժեքներին ձգտելու հաստատակամության մասին: