07/04/2017 16:33
Պոռոտախոսների ժամանակն էլ ավարտվեց. Թաթուլ Մանասերյանը՝ նախընտրական տնտեսական խոստումների մասին
Տնտեսագետ Թաթուլ Մանասերյանի բնութագրմամբ՝ խորհրդարանական ընտրությունների ժամանակ ժողովուրդը հիմնականում կողմնորոշվեց, թե ով ով է։
«Ուրախ եմ, որ հիմնականում ժողովուրդը կողմնորոշվեց և հասկացավ, թե ով ով է։ Այն, ինչ մենք տեսնում ենք խորհրդարանում, թե ովքեր են այսօր ներկայացված, այն իրական պատկերն է, թե ով ինչ քվեի արժանացավ։ Իհարկե, խորհրդարան անցած կուսակցություններից մեկ-երկուսն իրենց նեղություն չէին տվել նույնիսկ խոստումներ ներկայացնելու», - Aysor.am-ի հետ զրույցում ասաց Թաթուլ Մանասերյանը։
Նրա խոսքով՝ առկա մարտահրավերների պայմաններում աշխատանք է պետք, խոստումները որևէ դեր չեն կարող խաղալ։
Տնտեսագետին հուսադրում է այն հանգամանքը, որ կառավարությունը ոչ այնքան ոգևորված արդյունքներից, որքան՝ պատասխանատվության զգացումով հայտարարել է արտակարգ ռեժիմ։
Իսկ այն կուսակցությունները, որոնք ուղղակի խոստումներ էին տալիս, Մանասերյանի խոսքով, հայտնվեցին այնտեղ, որտեղ պետք է լինեին։
«Մանավանդ այն կուսակցությունները, որոնք տարբեր հայտարարություններով էին հանդես գալիս, թե եկեք դուրս գանք ԵԱՏՄ-ից, հենց դուրս գանք մեր փրկությունը դա է լինելու, այդ պոռոտախոսների ժամանակն էլ ավարտվեց, գոնե խորհրդարանական ամբիոնից։ Այն վտանգավոր խոստումները, որոնք, այսպես կոչված, խաղաղությանն էին վերաբերում, դրանք ևս չստացան համապատասխան վստահության քվե։ Այս առումով, կարող եմ ասել, որ, կարծես թե, ժողովուրդը թացը չորից տարբերել է», - նշեց Թ. Մանասերյանը։
Եզրափակելով խոսքը՝ տնտեսագետն ասաց, որ ոչ միայն կառավարությունը, այլ յուրաքանչյուրն այս պայմաններում պետք է փորձի պահանջկոտ լինել.
«Պետք է սովորենք աշխատեցնել կառավարությանը։ Ես այս 25 տարի է փորձում եմ այս մշակույթը իմ գործընկերների, մտերիմների շրջապատում տարածել։ Մենք ավելի շատ ասում ենք եկեք իշխանափոխություն անենք, այս մեկը դուրս չեկավ, մյուսին բերենք։ Բայց մենք այդքան շռայլություն չունենք անընդհատ քանդենք ու նորը սկսենք։ Այժմ, անկախ ամեն տեսակ քաղաքական շահարկումներից, վարչապետը ստացել է ժողովրդի գերակշիռ մասի վստահությունը, դա խոսում է այն մասին, որ բարեբախտութուն ունենք՝ լուրջ և գիտակից մարդու հետ աշխատելու»։