07/04/2017 13:11
Արտերկրում կոնյակը ասոցացվում է Հայաստանի հետ. Ծաղկաձորում կանցկացվի Կոնյակի փառատոն
Մայիսի 7-ին Ծաղկաձոր քաղաքում նախատեսվում է անցկացնել Կոնյակի փառատոն, լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի զարգացման հիմնադրամի Զբոսաշրջության գծով տնօրեն Արա Խզմալյանը:
«Կոնյակի փառատոնը, որը նախատեսվում է մայիսի 7-ին, էապես նպաստելու է վարչապետի ներկայացրած տնտեսության զարգացման հայեցակարգի կետերի իրականացմանը: Կոնյակը, որը ընտրել են փառատոնի կազմակերպիչները, նպատակահարմար և գրավիչ է: Գաղտնիք չէ, որ երբ դրսում ասում ենք կոնյակ, դա անմիջապես ասոցացվում է Հայաստանի հետ», - նշեց Ա. Խզմալյանը:
Նրա խոսքով՝ այս փառատոնին հիմնականում ակնկալվում են զբոսաշրջիկներ Ռուսաստանից, քանի որ, ՌԴ քաղաքացիների համար ներքին անձնագրերով Հայաստան մուտքի արտոնությունը նպաստում է զբոսաշրջիկների մեծ հոսքին, բացի այդ, ՌԴ-ն հայկական զբոսաշրջային շուկայի համար թիրախային է:
Զբոսաշրջության զարգացման հիմնադրամի նախագահ Տիգրան Կարապետյանն էլ նշեց, որ փառատոնին սպասվում է մոտ 25 000 այցելու, իսկ փառատոնը կազմակերպելու համար ֆինանսական միջոցները ստացվելու են անհատ և մասնավոր կազմակերպություններից: