07/04/2017 19:24
Շոգեբաղնիքը հո նրա համար չի՞ մտածված, որ Բանգլադեշից աղջիկների հետ գան, ժամանակ անցկացնեն. Օպերային թատրոնի նախկին տնօրեն
Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքում ընտանեկան հանգստի վայր կառուցելու մասին նախարար Արմեն Ամիրյանի որոշումն արդեն մի քանի օր է՝ մշակութային լուրերի թոփ-հնգյակում է: Թեև, ոլորտի պատասխանատուն չի զլացել և մի քանի անգամ պարզաբանել է նախագծի հետ կապված հարցականները, սակայն մեկը մյուսին կրկնելով՝ Facebook-յան հարթակում դասական երաժշտության մատուռն են «պաշտպանում» թե՛ բլոգերները, թե՛ մշակութային ու քաղաքական գործիչները, որոնցից շատերը կարծիք են հայտնում` նախագծին բոլորովին ծանոթ չլինելով:
ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, Ազգային օպերային թատրոնի նախկին տնօրեն Կամո Հովհաննիսյանն Aysor.am-ի հետ զրույցում նկատեց՝ իր տնօրինության 15 տարվա ընթացքում աշխարհի որ երկրում եղել է, անպայման, ծանոթացել է այդ երկրի օպերային թատրոններին:
«Երբ բառերը կոնտեքստից դուրս են ասվում, իմաստափոխվում են: Այս դեպքում էլ այդ հանգամանքն է գործել, պետք է ամբողջական ծրագրին ծանոթանալ: Անկեղծ ասած՝ ինքս էլ ծրագրին ծանոթ չեմ, բայց որքանով ճանաչում եմ Արմեն Ամիրյանին, նա բիզնես մտածողությամբ չի առաջնորդվի, այլ՝ քաղաքակիրթ թատրոն ստեղծելու: Հավանաբար, ուզում է այդկերպ նաև հանդիսատեսին գրավել դեպի թատրոնը: Հայտնի խոսք կա՝ «Большой театр начинается с буфета»: Իհարկե, սա չի նշանակում, որ ներկայացումից առավել կարևոր է բուֆետը, բայց շենքի ներսում տիրող կենցաղային պայմաններն էլ նպաստում են հանդիսատեսի տրամադրությանը», - նշեց նա:
Անդրադառնալով շոգեբաղնիքի և մարզասրահի գործարկմանը՝ նախկին տնօրենն ընդգծեց.
«2002 թվականին, երբ «Լինսի հիմնադրամի» միջոցներով Օպերայում վերանորոգում իրականացրեցինք, տրամադրված սահմանափակ գումարից կարողացա 5-6 հազար դոլար առանձնացնել: Օպերային թատրոնի պատասխանատու-շինարարների համաձայնությամբ՝ թեկուզ և շատ անհարմար, բայց շոգեբաղնիք կառուցեցինք: Ի դեպ, առանց այդ շինարարների գիտության՝ այնտեղ անգամ մի պատուհան փոխելու իրավունք չկա: Ներեցեք գռեհկացման համար, բայց շոգեբաղնիքը հո նրա համար չի՞մտածված, որ Բանգլադեշից աղջիկների հետ գան, այնտեղ ժամանակ անցկացնեն: Այն արտիստների համար է: Ճիշտ է, երգիչներն այդքան էլ չէին ձգտում օգտվել շոգեբաղնիքից, բայց փոխարենը շաբաթը մեկ-երկու օր բալետային խումբն օգտվում էր այնտեղից… Չգիտեմ՝ նոր նախարարն ինչ ծրագիր ունի, բայց որպես հայ մտավորական՝ գտնում եմ, որ պարտավոր ենք ծանոթանալ ամբողջական ծրագրին, հետո նոր լուրջ քննարկումներ անենք: Գիտեք, եթե ես այս ոլորտից չլինեի, չպատկերացնեի, թե ինչի մասին է խոսքը, շոգեբաղնիք ու ռեստորան բառից միանգամից վեր կթռչեի ու երևի ինքս էլ կքարկոծեի: Բայց, հասկանում եմ՝ ինչ է ուզում անել Արմեն Ամիրյանը»:
Վերջին երկու տասնամյակում Օպերայի տարածքում սրճարաններ բացվեցին: Նախապես ակնկալվում էր՝ բոհեմական տրամադրությունը կպահպանվի, սակայն, արի ու տես, որ այսօր այդ սրճարաններում մեծամասամբ 6/8 ոճի երաժշտություն է հնչում:
Արդյոք չկա մտավախություն, որ շենքի ներսում բացվող ռեստորանում կամ սրճարանում ևս այդ նույն «մշակույթը» կտիրի:
«Կկրկնվեմ ու նորից կասեմ՝ Արմեն Ամիրյանին շատ լավ ճանաչելով, կարծում եմ՝ նման մտավախության կարիք չկա: Բայց մի բան էլ կընդգծեմ. մարդիկ կան, 15-20 տարի է՝ այդ սրճարաններում են անցկացնում, բաց ոչ մի անգամ Օպերային թատրոն չեն մտել», - Aysor.am-ի հետ զրույցը եզրափակեց Կամո Հովհաննիսյանը: