08/04/2017 10:16
Իշխանությունները չեն ողջունում Իշխան Զաքարյանի և Նաիրա Զոհրաբյանի թեկնածություններն ԱԺ փոխնախագահի պաշտոնում. ՀԺ
«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ «Ծառուկյան» դաշինքում պայքար է սկսվել ԱԺ փոխնախագահի պաշտոնի համար։
«Բանն այն է, որ նոր Սահմանադրության համաձայն՝ ԱԺ երկու փոխնախագահի պաշտոններից մեկը բաժին է հասնում ընդդիմությանը։ Տվյալ դեպքում խոսքը խորհրդարանում ամենամեծ խմբակցություն ունեցող ոչիշխանական ուժի մասին է։ Այդ խմբակցությունը «Ծառուկյան» դաշինքն է։ Դաշինքի նախընտրական ցուցակի առաջին քառյակը, չհաշված Գագիկ Ծառուկյանին, պայքարում են այդ պաշտոնի համար։
Հրապարակումների համաձայն, նախապես պայմանավորվածություն է եղել, որ ԱԺ փոխնախագահը պետք է լինի 2-րդ հորիզոնականը զբաղեցնող Իշխան Զաքարյանը։ Քաղաքական կուլիսներում, սակայն, խոսվում է, որ իշխանությունները չեն ողջունում ինչպես նրա, այնպես էլ 3-րդ հորիզոնականը զբաղեցնող Նաիրա Զոհրաբյանի թեկնածությունը։ Իսկ չորրորդ հորիզոնականը զբաղեցնող Վարդան Բոստանջյանի թեկնածությունն էլ Ծառուկյանն ինքը չի ցանկանում ներկայացնել», - գրել է թերթը։