08/04/2017 10:40
Երբ հայ սպառողը գնում է խանութ, լոլիկ գնելիս պետք է տեսնի, որ գրված է՝ «թուրքական լոլիկ». Բաբկեն Պիպոյան
«Karabax» մակնշմամբ արկղերով պոմիդորի ներկրման դեպքին պետական մակարդակով ոչ մի պետական կառույց չի անդրադառնում, որովհետև չգիտեն՝ ինչ ասեն, այդ մասին Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Իրազեկ և պաշտպանված» սպառող հասարակական կազմակերպության նախագահ Բաբկեն Պիպոյանը՝ մեկնաբանելով օրերս լրատվամիջոցներում հրապարակված տեղեկությունը, թե «Karabax» մակնշումով արկղերով լոլիկ է ներկրվել Թուրքիայից Հայաստան:
«Երբ պետական կառույցների աշխատողները կսկսեն սովորել իրենց կառույցի լեզվամտածողությունը, կհասկանան իրենց ոլորտից, անպայման, կարձագանքեն», - նկատեց Պիպոյանը:
Նշենք, որ գյուղմթերքի շուկայում այդ մակնշմամբ պոմիդորի հայտնվելու առնչությամբ Aysor.am-ը հարցում է կատարել ԿԱ Պետական եկամուտների կոմիտե և առայժմ պատասխան չի ստացել:
Կազմակերպության նախագահի խոսքով՝ գործադիրը ստեղծված խնդիրը լուծելու փոխարեն արգելում է Թուրքիայից պոմիդոր ներկրել:
«Ինչո՞ւ են արգելում Թուրքիայից պոմիդոր ներկրել: Արդյոք հաշվարկվել է, թե թուրքական լոլիկի պահանջարկ երկիրն ունի՞, թե՞ չէ: Այլընտրանքային լրացման անհրաժեշտություն ունե՞նք, թե՞ ոչ: Ընդամենը պետք է կարգավորել շուկան, որ երբ հայ սպառողը գնում է խանութ, լոլիկ գնելիս տեսնի, որ գրած է՝ «թուրքական լոլիկ»: Որ օրը սպառողը տեսավ, որ գրված է թուրքական լոլիկ, երկու բան է տեղի ունենալու՝ հայրենական արտադրողը սկսելու է մտածել մրցունակ գին ապահովելու մասին և հետո բազմաթիվ սպառողներ ուղղակի ազգային ֆոնի վրա հրաժարվելու են այդ ապրանքի օգտագործումից», - ասաց Պիպոյանը:
Նշենք, որ օրերս ԿԱ Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացրել էր, որ Պետական եկամուտների կոմիտեն մինչև ապրիլի 5-ը գյուղմթերքի ապօրինի ներկրման 153 փորձ է կանխել, շուրջ 15 տոննա պոմիդոր և այլ գյուղմթերք հայտնաբերվել է ավտոմեքենաներում հատուկ պատրաստված թաքստոցներում: