11/04/2017 18:12
Բլոգեր Լապշինը բողոքարկել է կալանքը երկարաձգելու Բաքվի դատարանի վճիռը
Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի բլոգեր Ալեքսանդր Լապշինը բողոքարկել է Բաքվի դատարանի՝ կալանքը երկարաձգելու մասին վճիռը: Բողոքարկումը դատարանը կքննի 10-ից 15 օրվա ընթացքում: Այս մասին РИА Новости-ին հայտնել է բլոգերի փաստաբան Էդուարդ Չերնինին:
Ավելի վաղ Բաքվի դատարանը վճռել էր երեք ամսով երկարաձգել Լապշինի կալանքի ժամկետը:
«Իմ պաշտպանյալը, որը գտնվում է Բաքվի քննչական N1 մեկուսարանում, վերաքննիչ բողոք է ներկայացրել՝ կանալքը երեք ամսով երկարաձգելու դատարանի վճռի դեմ: Բողոքը կքննեն առաջիկա 10-15 օրերի ընթացքում», - ասել է Չերնինը:
Լապշինը 2016 թվականի վերջին ձերբակալվել է Մինսկում՝ Ադրբեջանի հարցման հիման վրա, որը բլոգերին «սև ցուցակում» է ներառել ՝ Արցախ այցելությունների համար: Բելառուսի գլխավոր դատախազությունը, բավարարելով Ադրբեջանի հարցումը, Լապշինին արտահանձնել է Բաքվին: