11/04/2017 15:40
Տանզանիացի մոդել-դիզայները` «Արտ ֆեստի» ժյուրիի անդամ
Մոդել-դիզայներ Բեբիմերի Սթրոմբերգը այս տարի լինելու է «Արտ Ֆեստի» հագուստի մոդելավորման բաժնի ժյուրիի կազմում: Բարձրագույն կրթություն Բեբիմերին ստացել է Մեծ Բրիտանիայում, այնուհետև վերադարձել Տանզանիա, որտեղ էլ հանդիպել է ապագա ամուսնուն՝ շվեդական աշխարհահռչակ «ABBA» խմբի անդամ Բեննի Անդերսոնի որդուն:
Մասնագիտությամբ դիզայներ Բեբիմերի Սթրոմբերգը որոշ ժամանակ զբաղվել է նաև հոգևոր երգարվեստով:
«Ինձ համար մեծ պատիվ է «Արտ Ֆեստի»՝ այս հիանալի միջոցառման մի մասնիկը դառնալը: Արվեստը գեղեցիկի մշակույթն է, որը մենք պետք է հարգենք, սկսենք ավելի գնահատել և սիրով ընդունել: Անհամբեր սպասում եմ այն պահին, երբ կայցելեմ ձեր գեղեցիկ քաղաք Երևան և կհանդիպեմ նոր, երիտասարդ ու տաղանդավոր արվեստագետների, հագուստի մոդելավորողների և այլ մասնագետների հետ: Սա նոր բացահայտումների, գործնական սեմինարների և գործարար կապեր հաստատելու հիանալի հնարավորություն է:
«Արտ Ֆեստին» մաղթում եմ ամենայն բարիք», - ասված է դիզայների` «Արտ Ֆեստին» հղված ուղերձում: