13/04/2017 10:50
Ավետիսյանների իրավահաջորդները շարունակում են ՌԴ-ից 450 հազար եվրոյի չափով բարոյական վնասի փոխհատուցում պահանջել
2015 թվականին Գյումրիում տեղի ունեցած Ավետիսյանների ընտանիքի դաժան սպանության քրեական գործի հետքերով Ավետիսյանների իրավահաջորդները Վերաքննիչ դատարանում ունեցած անհաջողությունից հետո Վճռաբեկ դատարան բողոք են ներկայացրել:
Ավետիսյանների իրավահաջորդների ներկայացուցիչ, փաստաբան Արամազդ Կիվիրյանը Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց, որ առայժմ հայտնի չէ՝ Վճռաբեկ դատարանը բողոքն ընդունե՞լ է վարույթ, թե՞ ոչ:
«Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը անօրինական որոշում էր կայացրել՝ ի սկզբանե վարույթ ընդունելով ընդդեմ Ռուսաստանի մեր ներկայացրած քաղաքացիական հայցը՝ մեկ ամիս անց մերժելով այն: Մենք Վերաքննիչ դատարանից պահանջում էինք վնասի հատուցման պահանջի մասին հայցն ընդդեմ Ռուսաստանի համարել վարույթ ընդունված», - ներկայացրեց Արամազդ Կիվիրյանը:
Հիշեցնենք՝ Ավետիսյանների իրավահաջորդները դեռ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում քաղաքացիական հայց էին ներկայացրել՝ Ռուսաստանի Դաշնությունից պահանջելով 450 հազար եվրո որպես բարոյական վնասի փոխհատուցում: Ըստ այդ քաղհայցի պահանջի, ընտանիքի ամեն չափահաս անդամի կյանքի իրավունքի խախտման համար ներկայացվել է բարոյական վնասի հատուցման պահանջ՝ 50 հազարական եվրոյի, իսկ երկու մանկահասակ երեխայի կյանքի իրավունքի խախտման համար՝ 100 հազարական եվրոյի չափով: Ավետիսյանների ընտանիքի 7 անդամի սպանության համար մեղադրվող ռուս զինծառայող Վալերի Պերմյակովը դատապարտվել էր ցմահ ազատազրկման:
Սակայն Վերաքննիչ դատարանը առանց քննության էր թողել Ավետիսյանների իրավահաջորդների բողոքը՝ պատճառաբանելով, որ քրեական դատավարությամբ նման պահանջ ներկայացնելը հնարավոր չէ:
«Ռուսաստանի Դաշնությանը նման պահանջ էր ներկայացվել, քանի որ Ռուսաստանը անգործություն էր դրսևորել, ինչի պարագայում մեզ մոտ իրավունք էր ծագել նման պահանջ ներկայացնելու համար: Կար մի քանի դրվագ, օրինակ՝ ռուսական կողմը տեղեկացված լինելով, որ իր զինծառայողը ունի առողջական խնդիրներ, ուղարկել էր Հայաստան ծառայության: Այս ու այլ շատ դրվագների հիման վրա մենք գտնում ենք, որ ռուսական կողմն ունի պարտավորություն բարոյական վնասի հատուցում վճարելու վերաբերյալ», - ասաց Կիվիրյանը:
Նրա խոսքով՝ իրենք, նման քաղաքացիական հայց ներկայացնելով, նաև նպատակ են ունեցել, որպեսզի Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում չքննված շատ փաստական հանգամանքներ քննության առարկա դառնան:
«Ընդհանուր իրավասության դատարանում քննվեց միայն Պերմյակովի արարքը, սակայն ինքնին այն հարցը, որ Ռուսաստանի Դաշնությունը չի կատարել իր պարտականությունները որոշակի դրվագներով, քննության առարկա չի դարձել, և մենք նպատակ ունեինք այդ հարցը քննության առարկա դարձնել այս քաղաքացիական հայցի քննության շրջանակներում», - հստակեցրեց փաստաբանը:
Վճռաբեկ դատարանից ակնկալիքների մասին Կիվիրյանը ոչինչ չասաց: Միայն նշեց, որ մերժման դեպքում սպառելով հայաստանյան դատական ատյանները, դիմելու են Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի մի շարք դրույթների խախտման փաստով: