13/04/2017 14:27
«Մեկը վերևից». Արտյոմ Մարկոսյանը հանդես կգա նոր ֆիլմ-ներկայացմամբ
Դերասան, ռեժիսոր, պրոդյուսեր, սցենարիստ Արտյոմ Մարկոսյանը հանդես կգա նոր ֆիլմ-մոնոներկայացումով, որը, հեղինակի վստահեցմամբ, Հայաստանում առաջին անգամ է լինելու: Նախագծի գաղափարն առաջացել է դեռևս երկու տարի առաջ՝ արդյունքում ծնելով նոր ոճ ու նոր ասելիք:
«Ուզում էի հետաքրքիր և ինքնատիպ մի բան անել, ինչը, կարծես թե, ստացվում է: Հիմա արդեն վստահորեն կարող եմ ասել՝ նոր ֆորմատի բեմադրություն է: Լինելու է հոլիվուդյան մասշտաբի անիմացիոն ֆիլմով զուգորդվող մոնոներկայացում», - Aysor.am-ի հետ զրույցում տեղեկացրեց նա:
Բեմում կատարվող իրադարձությունները տեղի են ունենում մեր ժամանակներում. անհայտ մի մոլորակի բնակիչներ նպատակադրվում են նվաճել և կործանել Երկիր մոլորակը, ու այդ գործընթացը նախընտրում են սկսել աշխարհի ամենահին ու խելացի ազգերից մեկից՝ հայերից:
Սցենարի հեղինակ Արտյոմ Մարկոսյանը բեմում կհայտնվի տարբեր կերպարներով: Զրույցի ընթացքում նկատեց՝ ներկայացումն իր մեջ հանդիսատեսին ուղղված բազում հաղորդագրություններ է պարունակում, բոլոր ոլորտներին է անդրադառնում: Ունի նաև սեփական կարգախոս:
«Մեր քաղաքական դաշտում ընդունված է չէ՞, ընտրությունների ընթացքում երկու-երեք սիրուն ու իմաստուն բառ են իրար կպցնում ու ասում՝ քաղաքական լոզունգ է: Ես էլ իմ հանդիսատեսին եմ ասում՝ «միասին մենք ուժ ենք»: Չգիտեմ՝ մինչ այս նման կարգախոս եղե՞լ է, թե ոչ (ծիծաղում է՝ հեղ.)… Այս ներկայացումն ինքնին մի մեծ մեսիջ է: Այն մեր՝ հայերիս, մասին է, մեր կյանքի, ներկայի ու ապագայի մասին: Մեր կյանքի պես բազմազան ու հարուստ է, որտեղ յուրաքանչյուրը կգտնի իրեն», - ծիծաղելով նկատեց մեր զրուցակիցը:
Դիտարկմանը՝ չկա՞ մտավախություն, որ բեմում միայնակ ներկայանալու առաջին փորձը կարող է չհաջողել, ու արդյոք այս դեպքում պատասխանատվությունն առավել չի մեծանում, պատասխանեց.
«Բնականաբար, պատասխանատվությունը եռապատկվում, անգամ քառապատկվում է: Բայց, անկեղծ ասած, մեծ մտավախություններ չունեմ: Ի վերջո, ովքեր ծանոթ են անցածս ուղղուն, գիտեն, որ 20 տարուց ավելի է՝ բեմում եմ, կինոյում ու հեռուստատեսությունում: Դերասանը միշտ պետք է ինքնավստահություն ունենա, սակայն սահմանը չանցնի՝ մտածելով, թե իր արածն ամենալավն է, անթերի է: Զգոնությունդ երբեք չպետք է նահանջի: Ինքս 7-8 տարի գրեթե ամեն օր ուղիղ եթերում եմ եղել, բայց միևնույն է, ամեն եթեր դուրս գալուց առաջ թրթիռ կար՝ հանկարծ ու չսխալվեմ: Չէ՞ որ հանդիսատեսը, հեռուստադիտողը դերասանի համար ամենաթանկ ու գնահատելի մարդն է, ամեն ինչ իր համար է արվում: Նրա շնորհիվ դառնում ենք ճանաչված ու սիրված կամ՝ հակառակը»:
«Մեկը վերևից» երգիծական-երաժշտական կատակերգության ընթացքում հանդիսատեսը ևս մեկ անգամ կծանոթանա դերասանի երաժշտական ունակություններին: Ի դեպ, ներկայացումը նաև ինտերակտիվ բնույթ է կրելու՝ ժամանակ առ ժամանակ գործողության մեջ ներգրավելով հանդիսատեսին:
«Քանի որ բեմում մենակ եմ լինելու, ինձ առավել հարմար էր համեմատաբար փոքր դահլիճում խաղալ: Ընտրեցի Երևանի պետական կամերային թատրոնի բեմը, այստեղ մթնոլորտն առավել անմիջական կլինի, կարծում եմ: Չգիտեմ, այստեղից կսկսեմ, ընթացքը կհուշի՝ արժի՞ «մեծացնել» դահլիճը, թե՞ ոչ», - ընդգծեց նա:
Թեև Արտյոմ Մարկոսյանն այս ներկայացման և՛ հեղինակն է, և՛ սցենարիստը, և՛ պրոդյուսերն ու դերասանը, սակայն չի ժխտում՝ իրեն աջակցող և օժանդակող պրոֆեսիոնալ թիմ ունի, ովքեր ամեն հարցում իր կողքին են:
«Սցենարի առումով ինձ օգնում է իմ վաղեմի ընկեր ու գործընկեր Արմեն Վարդանյանը, որպես համապրոդյուսեր հանդես է գալիս Կարեն Հակոբյանը՝ Հայկական Երկրորդ հեռուստաալիքի գլխավոր պրոդյուսերը: Գուցե շատերը մտածեն, թե սա հերթական մոնոներկայացում է, բայց հավատացեք, որ բավականին լուրջ պրոյեկտ է: Հենց միայն այն, որ մինչ օրս նախկին խորհրդային տարածաշրջանում նման անիմացիոն ֆիլմ-ներկայացում և մի քանի ժանրի համատեղում չի եղել, արդեն իսկ խոսում է այն մասին, որ սովորական բան չի լինելու», - հավատացրեց դերասանը՝ չթաքցնելով, որ ֆինանսական լուրջ միջոցներ են ներդրվել առաջատար ընկերությունների կողմից:
Aysor.am-ի հետ զրույցի վերջում դերասան-սցենարիստն իր հանդիսատեսին դիմեց.
«Անչափ շատ եմ կարոտել բոլորիդ, կարծում եմ՝ դուք էլ դեմ չեք լինի ինձ տեսնել բեմում: Անհամբեր ու մեծ ոգևորությամբ կսպասեմ մեր հանդիպմանը»:
Հանդիսատեսը մտածելու և ծիծաղելու առիթ կունենա մայիսի 29, 30, 31-ին, նաև՝ հունիսի 6-ին և 7-ին՝ նվազագույնը 1 ժամ 45 րոպե տևողությամբ: