13/04/2017 17:07
Էդուարդ Շարմազանովն ընդունել է Նորվեգիայի «Լիդերհորն» երգչախմբի անդամներին
ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ապրիլի 13-ին ընդունել է Նորվեգիայի Թագավորությունից Հայաստան ժամանած «Լիդերհորն» երգչախմբի անդամներին: Նշենք, որ խումբը Հայաստան է եկել հարգելու 1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը և հայերին հաղորդակից դարձնելու նորվեգական հոգևոր երաժշտությանը: Նրանք նախորդ օրն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և հարգել Սուրբ նահատակների հիշատակը:
Ողջունելով հյուրերի այցը մեր երկիր՝ ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը կարևորել է երգչախմբի՝ մշակույթի միջոցով 21-րդ դարում առկա մարտահրավերների և անարդարությունների դեմ պայքարելու առաքելությունը:
«Համոզված եմ, որ անցյալի անարդարությունների դեմ մենք պետք է պայքարենք քրիստոնեաբար՝ սեր և համերաշխություն քարոզելով, իսկ ձեր պայքարում ես տեսնում եմ արդարության ձգտում»,-ընդգծել է պարոն Շարմազանովը:
ՀՀ ԱԺ փոխնախագահը կարևորել է ցեղասպանությունների դեմ պայքարը և այդ համատեքստում ընդգծել, որ նման ոճրագործությունների դեմ անկախ իրենց կրոնական հայացքներից պետք է պայքարեն ոչ միայն քաղաքական, այլ նաև մշակույթի գործիչները՝ համամարդկային արժեքների միջոցով:
«Շատ դեպքերում մենք՝ քաղաքական գործիչներս, չենք կարող անել այն, ինչ կարող եք անել դուք, և դա դուք երեկ ապացուցեցիք Ծիծեռնակաբերդում՝ ձեր երգի հնչյունների ներքո սեր, հանդուրժողականություն և եղբայրություն տարածելով ամենուր»,-նշել է Էդուարդ Շարմազանովը: