13/04/2017 15:20
Շատ եմ ցանկանում, որ ևս մեկ զավակ ունենա. Նադեժդա Սարգսյանը շնորհավորում է Էմմիի 33-ամյակը
Վերջին տարիներին ԱՄՆ-ում բնակվող երգչուհի Էմմին ապրիլի 12-ին դարձավ 33 տարեկան: Ի տարբերություն նախորդ տարվա, այս անգամ ծննդյան օրը նրա կողքին են ոչ միայն երկու որդիներն ու ամուսինն, այլև՝ մայրը՝ ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Նադեժդա Սարգսյանը, ում հետ էլ Aysor.am-ը կապ հաստատեց:
Երջանիկ մայրիկը հիշեց՝ Էմմիի տարեդարձերը միշտ արտառոց և ինքնատիպ են եղել, կազմակերպելիս՝ ստեղծագործական մոտեցումներ են ցուցաբերել: Բայց քանի որ իրենց տան այս տարվա գլխավոր ստեղծագործությունը փոքրիկ Մարտինն է (Էմմիի կրտսեր որդին՝ հեղ.), այս անգամ առավել զուսպ կգտնվեն:
«Նախորդ տարի այս օրը Երևանում էի, ուրախ եմ, որ այս տարի աղջկաս ընտանիքի հետ եմ: ԱՄՆ-ի և Հայաստանի ժամային գոտիները տարբեր են, ու մենք Էմմիի ծնունդն այսօր ենք տոնում: Քանի որ կրտսեր թոռնիկս դեռևս քառասուն օրական էլ չկա, չենք կարող դրսում նշել, տանը՝ ընտանեկան միջավայրում կանցկացնենք: Մեր ամբողջ ուշադրությունն այս անգամ երեխաներն են՝ Դանին ու Մարտինը», - մանրամասնեց Նադեժդա Սարգսյանը:
Շնորհավորանքներ ու անակնկալներ երգչուհին ստացել է դեռ կեսգիշերից: Վաստակավոր արտիստուհին խոստովանեց՝ ինքն անձամբ դեռևս նվեր չի մատուցել, բայց օրն առջևում է.
«Ուղիղ ժամը 24:00-ին Էմիի ամուսնու եղբայրը, իր տիկինն ու քույրը գեղեցիկ ծաղիկներով շնորհավորեցին Էմմիին: Ընդհանրապես, շատ գեղեցիկ անակնկալներ է ստացել, շնորհավորանքներն այս պահին էլ չեն դադարում»:
Զրույցի ընթացքում լսելի էր՝ երգչուհու ավագ որդին՝ 1,5 տարեկան Դանիելն անհանգիստ էր: Հարցին, թե ինչո՞ւ է փոքրիկն այդպես աղմկում, տատիկը պատասխանեց.
«Էմմին վերևում փոքրիկին է լողացնում, ես ու Դանին էլ ներքևում սպասում ենք՝ իջնի, որ շնորհավորենք, տատիկ ու թոռնիկ իր համար երգենք»:
Երգչուհի Նադեժդա Սարգսյանն այսօր ուրախանում ու հպարտանում է իր դստեր ընտանիքով ու միայն մեկ բան մաղթում՝ այդ երջանկությունն ընդմիշտ պահեն:
«Էմմիին ներդաշնակություն եմ մաղթում, հանգիստ ու երջանիկ այս կյանքն այդպես էլ շարունակվի: Հաջողակ ու առողջ լինի: Շատ եմ ցանկանում, որ ևս մեկ զավակ ունենա… Նաև, կցանկանայի, որ շուտ վերադառնա իր եգարվեստին: Չնայած՝ դա ժամանակի խնդիր է, Մարտինը մի քիչ մեծանա, կանցնենք ստեղծագործական աշխատանքին», - նշեց նա:
Հարցին, թե որքա՞ն ժամանակով է հյուրընկալվել դստեր ընտանիքին, Aysor.am-ի զրուցակիցն ընդգծեց.
«Երեխան դեռ փոքր է, չգիտեմ՝ ինչքան կմնամ այստեղ: Նաև դեռ 2-3 ամսվա բուժման կուրսեր ունեմ, եթե ամեն ինչ ընթանա ինչպես հիմա, արդյունքները լավը լինեն, փոքր-ինչ երկար կմնամ այստեղ: Առաջ Աստված, հնարավոր է՝ Էմմիի հետ էլ Հայաստան գանք»: