14/04/2017 14:04
EBU-ն հաստատել է. Ռուսաստանը չի մասնակցի «Եվրատեսիլ- 2017»-ին
Եվրոպական հեռարձակման միությունը (EBU) հայտարարել է, որ Ռուսաստանը չի կարողանա մասնակցել «Եվրատեսիլ- 2017» երգի միջազգային մրցույթին, հայտնում է «Интерфакс»-ը:
«Պաշտոնապես հաստատվելուց հետո, որ Եվրատեսիլի ռուս մասնակից Յուլիա Սամոյլովային թույլ չի տրվի Կիև մուտք գործել Եվրատեսիլ-2017 երգի մրցույթին մասնակցելու համար, EBU-ն պաշտոնապես «Առաջին ալիքին» երկու այլընտրանք է առաջարկել, որը Ռուսաստանին թույլ կտար այս տարի մասնակցել այդ մրցույթին: Ռուսաստանը կամ կարող էր մասնակցել արբանյակի միջոցով, կամ փոխարինել երգչին այնպիսի մասնակցով, ով կկարողանա օրինական Ուկրաինա մեկնել», - ասվում է EBU-ի պաշտոնական հայտարարությունում:
Եվրոպական հեռարձակման միությունում արձանագրել են, որ «Առաջին Ալիքը» դժբախտաբար մերժել է երկու առաջարկությունները, ինչպես նաև հրաժարվել հեռարձակել մրցույթը:
«Դա նշանակում է, որ Ռուսաստանը չի կարողանա մասնակցել մրցույթին այս տարի: Մենք կցանկանայինք, որ բոլոր 43 երկրները կարողանան մասնակցել եւ արեցինք հնարավոր ամեն ինչ` այդ նպատակին հասնելու համար», - ընդգծվում է հայտարարությունում:
«Եվրատեսիլ-2017» երգի մրցույթին մասնակցելու համար Ռուսաստանն ընտրել էր երգչուհի Յուլիա Սամոյլովային` Flame is Burning երգով: