14/04/2017 13:36
Սերժ Սարգսյան. Հայկական ապրանքների արտահանումը եվրասիական շուկա աճել է 65%-ով
ԵԱՏՄ տնտեսական տարածքի ձևավորումն ու զարգացումն արդեն երկրորդ տարին է, ինչ տեղի է ունենում համաշխարհային բարդ տնտեսական իրավիճակի պայմաններում՝ արտահայտված համաշխարհային տնտեսական աճի տեմպերի նվազման և աշխարհաքաղաքական ցնցումների պայմաններում, ասել է նախագահ Սերժ Սարգսյանը Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին Բիշկեկում:
«Այդ ամենը մի կողմից ստեղծում է որոշակի խոչընդոտներ մեր Միության լիարժեք կայացման ճանապարհին՝ մյուս կողմից բացում նոր հնարավորություններ մեր երկրների առավել սերտ համագործակցության համար: Այս պայմաններում մեր երկրների կողմից ձեռնարկված համաձայնեցված գործողությունները թույլ տվեցին անդամ պետություններում որոշակի առումով կայունացնել իրավիճակը, տնտեսության որոշ ոլորտների և ճյուղերի աջակցության շնորհիվ հասնել մակրոտնտեսական կայունության, ինչի շնորհիվ որոշ երկրներում նկատվեց արդյունաբերական և գյուղատնտեսական արտադրության աճի միտում», - նշել է նա:
Ս.Սարգսյանի խոսքով, 2016 թվականին Հայաստանում արձանագրվել է համախառն ներքին արդյունքի ծավալում դրական դինամիկա, տնտեսական ակտիվության աշխուժացում արտադրական, գյուղատնտեսական և ծառայությունների մատուցման ոլորտներում:
«ԵԱՏՄ պետությունների հետ Հայաստանի առևտրաշրջանառությունն աճել է ավելի քան 15%-ով, իսկ հայկական ապրանքների արտահանումը եվրասիական շուկա՝ 65%-ով: Արձանագրվել է ապրանքաշրջանառության աճ նաև երրորդ երկրների հետ:
Մեր երկրներն ունեն զարգացման միանման նպատակներ, որոնց իրականացումը մենք, մասնավորապես, տեսնում ենք, արդյունաբերական նորարարությունների, բարձր տեխնոլոգիական գյուղատնտեսության, թվային տնտեսության, վերականգնվող էներգետիկայի միջոցով: Կարևոր են նաև համատեղ ջանքերը՝ ուղղված փոխշահավետ համագործակցային ծրագրերի իրագործմանը», - ասել է ՀՀ նախագահը: