14/04/2017 13:40
Երևանը դրական է գնահատում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Եվրոպական հանձնաժողովի միջև փոխգործակցությունը
ԵԱՏՄ ինտեգրացիոն միության միջազգային դիրքերի հետագա ամրապնդման տեսանկյունից Հայաստանը կարևոր նշանակություն է տալիս ԵԱՏՄ համագործակցության առաջխաղացմանը՝ իրական համագործակցության պատրաստ երրորդ երկրների և առանցքային ինտեգրացիոն միավորումների հետ, ասել է նախագահ Սերժ Սարգսյանը Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին Բիշկեկում:
«2016 թվականի ընթացքում կառուցողական ոգով մշակվում էին Իրանի, Չինաստանի, Հնդկաստանի, Եգիպտոսի և մի շարք այլ երկրների հետ համագործակցության հարցերը: Հայաստանը հետաքրքրված է այս ուղղություններով ձեռքբերված համապատասխան պայմանավորվածությունների իրավական ամրագրմամբ, մասնավորապես, Իրանի Իսլամական Հանրապետության հետ, որի հետ մեզ կապում են պրագմատիկ, փոխշահավետ և բարիդրացիական հարաբերություններ», - նշել է նա:
Նախագահի խոսքով, Հայաստանը դրական է գնահատում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Եվրոպական հանձնաժողովի միջև փոխգործակցության գործընթացը՝ որպես երկու միավորումների միջև երկխոսությանը նպաստող կարևոր գործոն, փորձի փոխանակման և ինտեգրման ու համագործակցության գործընթացների ներդաշնակ, փոխլրացնող և փոխշահավետ զարգացման ապահովման ճանապարհների քննարկման նպատակով: