14/04/2017 13:04
Ցավալին այն է, որ արդյունքում տուժում է տարիների ընկերությունը, աղավաղվում մարդու անունը. Միքայել Պողոսյանը ներողամտություն է հայցում
Օրերս հայտնի դարձավ, որ Երևանի ավագանու ընտրություններում Հանրապետական կուսակցության համամասնական ցուցակում ընդգրկված է նաև ՀՀ ժողովրդական արտիստ Միքայել Պողոսյանը: Դերասանը, սակայն, անակնկալի էր եկել՝ տեղեկանալով, որ ՀՀԿ-ի ցուցակում է…
Ժամեր առաջ Միքայել Պողոսյանն իր facebook-յան էջում թեմայի շուրջ հայտարարությամբ է հանդես եկել, որն էլ ներկայացնում ենք ստորև:
«Հարգելիներս,
Քանի որ Ձեզնից յուրաքանչյուրի կարծիքն ու գնահատականը իմ տարիների վաստակն է և, հետևաբար, թանկ է ինձ համար, դիմում եմ Ձեզ իմ խոսքով՝ հարթելու Ավագանու կազմում իմ թեկնածությունն առաջադրելու հետ կապված մի շարք թյուրիմացություններ:
Մեզ բոլորիս հուզող հարցերը մեկ անգամ չէ, որ ես բարձրացրել եմ իմ հեղինակած ստեղծագործություններում՝ վտանգելով անվտանգությունս և ինչու չէ՝ խաղաղ ապագաս… Սակայն ինձ միշտ էլ ուղղորդել են իմ համոզմունքներն ու բարոյական սկզբունքները, և ես միշտ էլ գիտակցել եմ, որ պետք է անեմ այն, ինչը չանել իրավունք չունեմ...
Փաստն այն է, որ ես իմ ամբողջ կյանքի ընթացքում որևէ կուսակցության չեմ պատկանել... Ավագանիում ընդգրկվելու առաջարկը ստացել եմ հենց Տարոն Մարգարյանից՝ հստակ նշելով իմ դիրքորոշումը կուսակցական թոհուբոհին մասը չդառնալու մասին: Ընդունելով առաջարկը՝ ես միայն մտածել եմ, որ լինելով Ավագանու կազմի մեջ ՝ կկարողանամ որևէ ձևով օգտակար լինել մեր քաղաքին... Ցավալին միայն այն է, որ արդյունքում տուժում է տարիների ընկերությունը, աղավաղվում մարդու անունը, ստվերվում՝ անցած ճանապարհը: Ինչևէ, հայցում եմ բոլորիդ ներողամտությունը և խնդրում ժամանակ՝ շտկելու այս խնդիրը, որը գտնվում է օրենքի շրջանակներում և, հետևաբար, ժամանակ է պահանջում», - գրել է նա: