15/04/2017 14:25
Տոնական օրերի թանկացումներն օրինաչափությո՞ւն, թե՞ սպառողների շահերի ոտնահարում
Ինչպես նախատոնական և տոնական մյուս օրերին, Զատկի տոնին էլ հայաստանյան շուկայում թանկացումներից խուսափել չեղավ. կանաչեղենի գինը գրեթե կրկնակի է բարձրացել, զգալի բարձրացել է նաև ձվի և ձկան գները։
Սա, ըստ «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանի, օրինաչափություն է։
«Ըստ էության, գործ ունենք օրինաչափության հետ։ Նախորդ տարիների հետ համեմատության մեջ այս տարի թանկացումն ավելի քիչ է», - Aysor.am-ի հետ զրույցում ասաց Բաբկեն Պիպոյանն՝ ընդգծելով, որ սա հետևանք է գյուղոլորտի բացարձակապես ազատականացված վիճակի, ինչը Հայաստանի նման երկրում անթույլատրելի է։
Սպառողների շահերի պաշտպանը նաև նշեց, որ պետք է ունենալ գների կարգավորված մեխանիզմներ, որ գյուղացին մի օր ստիպված չլինի իր ապրանքը ինքնարժեքից ցածր գնով վաճառելու, և ինչ-որ մի օր էլ, եթե հնարավորություն է ստեղծվում ինքնարժեքից բարձր գնով վաճառելու, ոչ թե ֆիքսված տոկոսով, այդ օրն էլ չարաշահում անի, և բարձր տոկոսներով վաճառք իրականացվի։
Մասնագետի խոսքով՝ բիզնեսն ազատականացնելը լավ է, բայց պետք է մեխանիզմներ ունենալ, որ քաղաքացին էլ կարողանա ապրել. «Աշխարհի յուրաքանչյուր երկրի յուրաքանչյուր բիզնեսմեն մոտիվացված է փող աշխատել, հատկապես, մեր նման երկրում, երբ ֆերմերն ամբողջ տարին հոգսով է ապրում, և մի քանի օր ունի իր չարչարանքի դիմաց քիչ թե շատ վարձահատույց լինելու համար, բնականաբար, նա այդ հնարավորությունն օգտագործելու է։ Դրա համար պետությունը պետք է գործուն մեխանիզմներ մշակի»։
Ինչ վերաբերում է հավկիթի և ձկնամթերքի շուկային, այստեղ, ըստ Բաբկեն Պիպոյանի, մոտեցումներն էականորեն տարբեր են։
«Եթե կանաչու պարագայում պետությունը միջամտելու հնարավորություն չունի, այստեղ ունի, որովհետև կան գերիշխող դիրք ունեցողներ, որոնք շուկայում կարող են գին թելադրել։ Եթե պահանջարկից ելնելով նրանք իրենց ապրանքը չվաճառեն ավելի թանկ, կողքի տնտեսվարողները ևս ավելի թանկ չեն վաճառելու։ Այսինքն՝ այստեղ գնի կարգավորումը պետականորեն էլ կարելի է անել, ինչը չի արվում։ Իսկ երբ այս պրոցեսները չեն արվում, մենք ընդամենը գալիս ենք փաստելու, որ գնաճ ենք ունեցել», - ասաց Բաբկեն Պիպոյանը։
Իսկ Հայաստանում տոնական օրերին արդեն սովորական դարձած գնաճը, Բաբկեն Պիպոյանի խոսքով, ոչ թե սպառողների իրավունքների խախտում է, այլ՝ շահերի ոտնահարում։
«Այս դեպքում գործադիր իշխանությունը ոչ թե բառեր արտահայտելու համար է, թե ա՛յ, տեսե՛ք, շուտով ֆանտաստիկ երկիր ենք ստեղծելու, այլ իրականում պետք է իրատեսական, ռացիոնալ քայլեր իրականացնել, որպեսզի քայլ առաջ գնանք դեպի այդ ֆանտաստիկ երկիրը։ Եթե ունենք մենաշնորհներ, եթե չունենք պայքար գերիշխող դիրք ունեցողների գների կարգավորմանն ուղղված, ապա այլ բան ակնկալելը, մեղմ ասած, միամտութուն է կամ ռոմանտիզմ», - եզրափակեց սպառողների շահերի պաշտպանը։