15/04/2017 12:58
Անվտանգության սպառնալիքի դեպքում Երևանը կկիրառի «Իսկանդեր»-ներն` առանց Մոսկվայի հետ համաձայնեցնելու. ՌԴ-ում Հայաստանի դեսպան
ՌԴ-ում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանն «Ինտերֆաքս»-ի հետ զրույցում անդրադարձել է Ղարաբաղյան հակամարտության հարցում Երևանի դիրքորոշմանը, խոսել տարածաշրջանային խնդիրների ու Մոսկվայի հետ համագործակության մասին, այդ թվում` ռազմարդյունաբերության ոլորտում: Դեսպանն անդրադարձել է նաև հարցին, թե ինչպե՞ս է Հայաստանն արձագանքելու սեփական անվտանգությանը սպառնացող վտանգներին:
«Այստեղ հարցը սպառազինության քանակը կամ որակը չէ, այլ մեր վարած քաղաքականությունը: Մենք հավատարի՞մ ենք մնում խաղաղության ու հրադադարի պահպանման վերաբերյալ միջազգային համաձայնագրերին, թե՞, այնուամենայնիվ, ավելացնում ենք մեր ռազմական ներուժն ու հարում ենք հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու տարբերակին:
Ինչ վերաբերում է մեր հակառակորդներին` նրանց կողմից մենք տեսնում ենք ստանձնած միջազգային պարտավորություններից հրաժարվելու քաղաքականություն: Առաջին հերթին այն պարտավորություններից, որոնք վերաբերում են կրակի դադարեցմանն ու հրադադարի հետևողական պահպանմանը, որը հնարավոր է դարձել մեծամասամբ Ռուսաստանի ջանքերով և քիչ թե շատ պահպանվել է վերջին տարիներին:
Մենք տեսնում ենք Ադրբեջանի ռազմականացումն ու այս ոլորտում համագործակցությունը Ռուսաստանի հետ, որովհետև միայն մենք չէ, որ համագործակցում ենք Մոսկվայի հետ, այլև` Բաքուն: Տեսնում ենք նաև համագործակցություն այլ խաղացողների հետ` Թուրքիայի և Իսրայելի:
Հիշում ենք այն, ինչ տեղի է ունեցել մեկ տարի առաջ` արյունահեղ քառօրյա պատերազմը, ինչի հետևանքով զոհվեցին հարյուրավոր մարդիկ, ոչնչացվեցին սահմանային գյուղեր: Ինչպես նաև այն, ինչ տեղի էր ունենում տարվա ընթացքում և ոչ միայն Լեռնային Ղարաբաղի ու Ադրբեջանի շփման գծում, այլև Հայաստանի հետ սահմանի հյուսիսային հատվածներում, որոնք հեռու են Ղարաբաղից:
Մենք կարծում ենք, որ միայն խաղաղության պահպանման վերաբերյալ ստանձնած միջազգային պարտավորությունների իրագործումով ու քաղաքական երկխոսության ձգտումով հնարավոր կլինի պահպանել կայունությունը տարածաշրջանում: Ռազմականացման գաղափարախոսությունը ոչ մի լավ բանի չի բերի: Այդ պատճառով է, որ մեր ստացած սպառազինությունը` «Իսկանդեր»-ները, ծառայում են բացառապես մեր քաղաքացիների անվտանգության ապահովմանը: Հայաստանի նախագահն էլ վերջերս բաց և հստակ հայտարարել է, որ մեր սահմաններին ու քաղաքացիներին սպառնացող վտանգի դեպքում` այո', այդ սպառազինությունը կկիրառվի», - նշել է նա:
«Բայց ես ցանկանում եմ ընդգծել` մեր սկզբունքային գաղափարախոսությունն այն է, որ պետք է տարվի բացառապես խաղաղ գործընթաց և հակամարտության լուծումը պետք է հենց քաղաքական լինի», - ավելացրել է դեսպանը:
Ինչ վերաբերում է «Իսկանդեր» համակարգերի ղեկավարմանն ու հարցին, թե ո՞վ է որոշում կայացնելու դրանց կիրառման վերաբերյալ, Վարդան Տողանյանն ասել է.
«Կարծում եմ` կարող ենք պարզապես հաշվի առնել այն, որ այդ զինամթերքը ՀՀ Զինված ուժերի ենթակայության տակ է, հետևաբար դրա ղեկավարումն իրականացնում են ՀՀ Զինված ուժերը: Կրկին, հաշվի առնելով նախագահի հայտարարությունը, սպառնալիքի առկայության դեպքում որպես գերագույն գլխավոր հրամանատար նա իրավունք ունի կիրառել համապատասխան սպառազինությունը: Չնայած նրան, որ մենք Ռուսաստանի հետ ունենք միացյալ զորախումբ, միասնական ՀՕՊ համակարգ և տեղի է ունենում համաձայնեցում շատ հարցերում, եթե խոսքը գնում է նման սպառազինություն կիրառելու որոշման մասին, որը գտնվում մեր զինված ուժերի թնակայության տակ, ապա այն կայացվելու է հայկական կողմից»: