15/04/2017 12:52
Թուրքիան տարածաշրջանում ապակառուցողական քաղաքականություն է վարում. դեսպան Վարդան Տողանյան
Անկարան տարածաշրջանում ապակառուցողական քաղաքականություն է վարում, «Ինտերֆաքս»-ին տված հարցազրույցում ասել է Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը։
«Ինչպես գիտեք, Հայաստանը նախաձեռնել է, այսպես կոչված, ցյուրիխյան գործընթացը, որի արդյունքում ստորագրվել էին հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման արձանագրություններ։ Դա բարդ և դժվարին գործընթաց էր , որին աջակցում էր մեր նախագահը։ Նախքան այս համաձայնագրի ստորագրումը, նա ճանապարհորդել էր ամբողջ աշխարհով, զրուցել Ասիայի, Ամերիկայի, Եվրոպայի սփյուռքի մեր ներկայացուցիչների հետ, ներկայացրել էր իր տեսլականը, թե ինչու է անհրաժեշտ կարգավորել հարաբերությունները։ Այդ արձանագրությունները ստորագրվել էին, այդ թվում, Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Եվրոպական Միության միջնորդությամբ։ Բայց, ցավոք սրտի, Թուրքիան հրաժարվել է կատարել իր պարտավորությունները և չի վավերացրել արձանագրությունները »,-հիշեցրել է դեսպանը։
«Իմ կարծիքով՝ Անկարան տարածաշրջանում ապակառուցողական քաղաքականություն է վարում, պաշտոնապես պաշտպանում է Ադրբեջանի դիրքորոշումը Ղարաբաղյան կարգավորման հարցում, ապօրինաբար փակել է Հայաստանի սահմանը, ինչպես դա արել է Ադրբեջանը ու համաձայնեցնում է իր քաղաքականությունը Բաքվի հետ», - ասել է Վարդան Տողանյանը։
«Ըստ էության, ԽՍՀՄ-ի փլուզումից հետո ենթակառուցվածքը, երկաթգիծը, խողովակաշարը արգելափակվել են Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից։ Մեր ցանկությունները, կարգավորել հարաբերությունները Թուրքիայի հետ, կնքվել է այն արձանագրություններում, որը ստորագրվել էր, բայց Անկարան ցույց է տվել, որ պատրաստ չէ դրան։ Եթե այս քաղաքականությունը շարունակվի, մենք ելք չենք տեսնում այդ փակուղուց։ Մենք հուսով ենք, որ Թուրքիան կկատարի ստանձնած պարտավորությունները։ Մենք, մեր հերթին, արել ենք անհրաժեշտ քայլերը՝ կարգավորելու հարաբերությունները», - ասել է դեսպանը։