18/04/2017 12:02
Տարածաշրջանային անվտանգության առումով Արցախյան հակամարտության շուրջ երանգները կփոխվեն, բայց լուրջ փոփոխություն տեղի չի ունենա. Մինասյան
Արտաքին քաղաքական առումով կարևոր իրադարձություն էր այն, որ Հայաստանի ներկայացուցիչն է ընտրվել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց քաղաքագետ Սերգեյ Մինասյանը։
«Վերջապես, այդ գործընթացն ավարտվեց, խնդիրը ոչ թե Հայաստանի կամ Հայաստանի հետ որոշ անդամ երկրների հարաբերություններն են, այլ՝ այդ կազմակերպության բյուրոկրատական առանձնահատկությունները: Վերջիվերջո, չմոռանանք, որ սա առաջին անգամ է, երբ ռոտացիոն սկզբունքով ՀԱՊԿ գլխավոր քարտուղար է ընտրվում», - ասաց նա:
Սերգեյ Մինասյանը նշեց՝ Հայաստանն ունի փաստացի մի իրավիճակ, երբ հետխորհրդային տարածքում գործող ամենակարևոր երկու ինտեգրացիոն գործընթացների ղեկավարները հանդիսանում են Հայաստանի ներկայացուցիչներ՝ և՛ Տիգրան Սարգսյանը, և՛ Յուրի Խաչատուրովը:
«Բայց ՀԱՊԿ շրջանակներում մենք պետք է հասկանանք, որ, միգուցե, որոշ չափով, երանգները կփոխվեն տարածաշրջանային անվտանգության առումով Արցախյան հակամարտության շուրջ, բայց որևէ լուրջ, որակապես փոփոխություն տեղի չի ունենա», - ընդգծեց քաղաքագետը։