18/04/2017 15:30
Հորն ու մորը, տատին ու պապին սպանել են, մի մատ էրեխեքը գաղթական են դարձել, ընկել մանկատուն. Արտաշես Ալեքսանյանի տոհմածառը (տեսանյութ)
Անկախ մեկդարյա հեռավորությունից՝ պատմական Հայաստանը՝ Անին, Մուշը, Ղարսն ու Կարինը, Ադանան ու Էրզրումը, Վանն ու Արդահանը յուրաքանչյուր հայի ենթագիտակցության մեջ է, յուրաքանչյուրիս արմատները ձգվում են դեպի հայրենիք: Ցավոք, այնտեղից հայի արմատը կտրվեց ցեղասպանության փորձով: Կտրված արմատների ծիլը հող գտավ աշխարհի տարբեր գաղթօջախներում, այդ թվում՝ Արևելյան Հայաստանում՝ ճյուղավորվելով ու ապացուցելով՝ արդարն անմահ է:
Aysor.am-ն ավանդույթի համաձայն իր՝ «Հայոց ցեղասպանություն. Ձախողված ծրագիր» խորագրի ներքո ընթերցողներին կներկայացնի ճանաչված ու սիրված այն հայերին, ում նախնիները վերապրել են ճակատագրական 1915-ը:
Տատիկի պատմածները վերհիշում է դերասան Արտաշես Ալեքսանյանը...
Էրզրումցու ու ղարսեցու, հոգևորականի և վարժապետի ժառանգը
Իմ արմատները սերում են Էրզրումից: Բոլորովին վերջերս իմացա, որ մի մասով էլ Ղարսից ենք: Տատիկիս պապիկը այդ շրջանի եկեղեցու վանահայրն է եղել, մյուս կողմում էլ վարժապետներ են եղել: Տատիկ-պապիկս 1915 թվականի ջարդի ժամանակ փոքր են եղել, Էրզրումից են գաղթել: Ցավոք, այսօր միայն տատիկիցս մնացած մի քանի իրեր ունենք՝ փաստաթղթեր և այլն...(տեսանյութում՝ հեղ)…
Արազն անցան էս կուռը
Տատիկս պատմում էր, որ երեք քույր ու մի եղբար Արազն անցել են: Քույրերից մեկը եղել է 9, մեկը՝ 7, մեկն էլ 11 տարեկան: Եղբայրն էլ 2-3 տարեկան է եղել… Նրանցից մեկն իր հետ ոսկե գոտին է վերցրել, մյուսն՝ Աստվածաշունչը, երրորդ քույրն էլ փոքր եղբորն է մեջքին կապել: Ջուրն անցնելուց այդ ոսկե գոտին կորցրել են… Չորսով եկել, հասել են Արևելյան Հայաստան…
Երեխաները հայտնվում են մանկատանը
Տատս պատմելիս, վերհիշելիս միշտ արտասվում էր… Հորն ու մորը, տատուն ու պապուն սպանել են, մի մատ էրեխեքը գաղթական են դարձել, ընկել մանկատուն: Մեծացել են ներկայիս Գյումրու մանկատանը: Երևի 29 տարեկան էի, որ տատիկիս կորցրեցի:
Նոր ընտանիք է ծնվում
Ամուսնուն տատիկս հանդիպել է, երբ չափահաս է դարձել ու մանկատնից դուրս եկել, աշխատանքի անցել մանկապարտեզում: Այդ ժամանակ պապիկս եղել է Շիրակի մարզի դպրոցների վարչության խորհրդականներից նաև դասավանդել է: Պապիկիս արմատները Ղարսից են, բայց այդ մասին բոլորովին վերջերս եմ իմացել, դեռևս չեմ ուսումնասիրել:
Սովետական Հայաստանում Մելիք-Ավետիսյանները դարձան Ալեքսանյաններ
Մեր տոհմը Մելիք-Ավետիսյաններն ու Հարությունյաններն են, որքան գիտեմ՝ Սովետական Հայաստանում է ազգանունը փոփոխման ենթարկվել: Տատիկիս եղբայրը Ավետիսյան ազգանունով է մնացել: Դե, գիտեք, Խորհրդային տարիներին տերերն ու մելիքները հանվել են ազգանուններից:
Վերադարձ՝ հայրենիք
Երբևիցե Արևմտյան Հայաստանում չեմ եղել, բայց հնարավորության դեպքում կգնամ: Տատիկիս գծած փոքրիկ քարտեզն ունեմ, ինձ պատմել, նկարագրել է, թե որտեղ է իրենց տունը, որտեղ է պահված իրենց հարստությունը: Բայց, դե Աստված գիտի՝ այդ տեղը մնացե՞լ է, թե՞ ոչ: Թեև, կարծում եմ, իրենց ամենամեծ հարստությունն այն ոսկե գոտին էր, որը ջուրը տարավ… Կցանկանամ այդ տունը լինի, փաստաթղթերով էլ կարող եմ ապացուցել, որ այն մերն է: Հաճույքով տան պատերը կթարմացնեմ ու տանիք կկապեմ…
Հայի նոր սերունդը պահանջատեր է
Նախորդ տարվա ապրիլյան պատերազմը ցույց տվեց, թե ինչքանով են մեր երիտասարդները պատրաստ՝ լինել պահանջատեր: Կարծում եմ՝ ամբողջ աշխարհը տեսավ ու ցնցվեց, որ, այո՛, հայ երիտասարդն այսօր և՛ զինվոր է, և՛ պահանջատեր, հայ է ու ուժեղ է, հզո՛ր է…
Գարեգին Նժդեհը հստակ մի բան է ասում. հայրենիքն՝ առաջնահերթ...
Նաև ասում է՝ իմ հոգին երկու հենարան ունի՝ Աստված և հայրենիք…